«Վանաձորցիների հարցերը չլուծվեցին»․ ընդդիմությունը հորդորում է ավագանու նիստ հրավիրել

Ամիսներ շարունակ Վանաձորի իշխանություններն էին ընդդիմությանը մեղադրում ավագանու նիստերը բոյկոտելու և վանաձորցիների խնդիրները չլուծված թողնելու համար, այժմ էլ՝ ընդդիմությունն է իշխանություններին հորդորում ավագանու նիստ հրավիրել մեկ շաբաթ առաջ քննարկված, բայց այդպես էլ որոշում չդարձած հարցերով:

«Մեզ համար անընդունելի է, որ նիստը հրավիրվեց վանաձորցիների հարցերը թեթևացնելու համար, բայց վանաձորցու հարցերը չլուծվեցին, այդպես էլ մնացին օդում», - ասաց «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Արտավազդ Ալավերդյանը:

Ալավերդյանը, որ ավելի քան երկու տարի բոյկոտում ու նիստերին չէր մասնակցում, երկու շաբաթ առաջ հայտարարել էր, թե արձագանքում է իշխանությունների հորդորներին, կմասնակցի մարտի 9-ի նիստին, որպեսզի լուծվեն վանաձորցիների անձնական խնդիրները:

«Բոլոր անձնական հարցերը շատ ավելի կարևոր են, քան իրենց բյուջեները և իրենց սուբվենցիաները, որոնք սուտ են տարիներ շարունակ», - նշեց նա:

Անձնական խնդիրների տակ ավագանու ընդդիմադիր անդամը նկատի ուներ ավելի քան 1000 հողակտորներ ու տարածքներ ուղիղ, առանց աճուրդի վաճառելու, երկարատև վարձակալության տալու և ապօրինի կառուցված շենք-շինություններն օրինականացնելու թույլտվությունները: Այդ հարյուրավոր թույլտվությունների հարցն իսկապես ներառվել էր նիստի օրակարգում, բայց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն իր ողջ կազմով դեմ քվեարկեց օրակարգի այս հարցին ու հարյուրավոր վանաձորցիներ, որ դիմել էին քաղաքապետարան համայնքային հողամասեր ու տարածքներ սեփականացնելու կամ իրենց կառույցներն օրինականացնելու հույսով, այդպես էլ չհասան դրան:

Ավագանու նիստի ժամանակ իշխող կուսակցության ներկայացուցիչները իրենց դեմ լինելը պատճառաբանել էին, թե հողային հարցերը մեծ թիվ են կազմում ու, որ օրակարգը հրապարակելուց հետո ընդամենը երկու օրում չէին կարող բոլորն ուսումնասիրել, ուստի դեմ են քվեարկում:

ՔՊ-ական Նոնա Հովհաննիսյանն ասել էր. «Մենք առաջարկում ենք, որպեսզի բոլոր դիմումներն ընդգրկենք օրակարգ, նախօրոք բոլոր դիմումները ուսումնասիրենք, հրավիրենք երկրորդ ավագանու նիստ ու այդ ավագանու նիստի ժամանակ ավելի օբյեկտիվ ու ճիշտ որոշում կկայացնենք, որը նաև արդարացի կլինի բոլորի ու բոլոր դիմումատուների նկատմամբ»:

Հարյուրավոր ավտոտնակներ ու տարածքներ սեփականաշնորհելուն կողմ էր նաև քաղաքապետի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, որ 2021-ին նշանակվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ու բոլոր հարցերում՝ առանց բացառության, ՔՊ-ականների հետ միակարծիք է եղել, քվեարկություններով նրանցից չի տարբերվել:

Ի վերջո «Քաղաքացիական պայմանագիրը» չտվեց իր համաձայնությունը, նշեցին, որ կարող են մոտ ապագայում ուսումնասիրել՝ ինչ տարածքներ են դրանք, որքան է օրինական դրանց սեփականացումն ու կարճ ժամանակ անց նիստ գումարել՝ դրանց հարցը դարձյալ քննարկելու:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Քաղաքական առևտուր, թե՞ բնակիչների շահ. Վանաձորի հարյուրավոր հողակտորները լարվածության առիթ ավագանիում

«Մենք պետք է նաև համոզվենք, որ մեր բոլոր քաղաքացիների դիմումները ընդգրկված են օրակարգում, պատշաճ ձևով ուսումնասիրված են և կայացվող որոշումն օբյեկտիվ է ու ճիշտ է, մոտավոր որոշում չենք կայացրել», - նշեց Նոնա Հովհաննիսյանը:

Ուշագրավ է, որ նախկինում տարեկան ընդամենը 1-2 արտահերթ նիստ անցկացրած ավագանու օրակարգում միշտ էլ եղել են հողատարածքներն առանց աճուրդի օտարելու, վարձակալության հանձնելու կամ ապօրինի շինություններ օրինականացնելու հարյուրավոր հարցեր: Ըստ քաղաքապետարանի էջում հրապարակված տվյալների, ՔՊ-ականները բոլոր դեպքերում կողմ են քվեարկել, որոշ դեպքերում մի քանի ՔՊ-ականներ, այդ թվում Նոնա Հովհաննիսյանը, ձեռնպահ են քվեարկել:

«Ազատության» հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված, որ այս անգամ «Քաղաքացիական պայմանագիրն» ամբողջ կազմով դեմ քվեարկեց հողային հարցերին, այն դեպքում, երբ նախկինում կասկած չեն հայտնել ու նախապես ուսումնասիրության կարիք չեն տեսել, Նոնա Հովհաննիսյանը հստակ չպատասխանեց. «Եթե ինչ-որ պաշտոնական խմբակցության անունից հայտարարություն լինի, դա կանի կամ խմբակցության նախագահը, կամ էլ մենք կհրապարակենք մեր խմբակցության էջով կամ այլ խողովակներով»:

Քվեարկության արդյունքներից ակնհայտորեն նեղսրտել էր նաև քաղաքապետարանի նախկին պաշտոնյա Արմեն Այվազյանը, որ իր նկատմամբ իրավապահների կոռուպցիոն մեղադրանքներից հետո թողել էր պաշտոնը: Նրա կինը՝ «Ապրելու երկիր» խմբակցության անդամ Լիլիթ Հովսեփյանն էլ վայր էր դրել մանդատն ու այն հենց ամուսնուն՝ Արմեն Այվազյանին էր անցել:

Մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած ավագանու նիստի ավարտին Այվազյանը հայտարարեց, թե ինքն էլ է հրաժարվում մանդատից: «Ապրելու երկիր» խմբակցության ցուցակով ավագանու մանդատ է ստացել լրագրող Ռոբերտ Բալայանը: Նա «Ազատությանն» ասաց՝ շարունակելու են վանաձորցիների անձնական հարցերի օրակարգով նիստ գումարելու իրենց նախաձեռնությունները:

Այս պահին թե՛ քաղաքապետարանից ու թե՛ իշխող «Քաղաքացիական պայմանագրից» ասում են, որ նոր նիստ գումարելու նախաձեռնություն դեռևս չկա: Մեկ շաբաթ առաջ հաստատվեցին տարեկան բյուջեն ու սուբվենցիոն ծրագրերը, որոնք չհաստատվելու դեպքում իշխանությունների ձեռքերը կապված կմնային: