Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ աջակցում է Սամվել Կարապետյանին և հավատում ընդդիմության հաղթանակին։
«Ազատության» հարցին՝ արդյոք առաջարկ եղե՞լ է հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին լինել «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջին համարը և դառնալ վարչապետի թեկնածու, նա պատասխանեց՝ «ոչ»:
Իսկ թե «հնարավո՞ր է Հայաստան վերադառնա որևէ պաշտոն զբաղեցնելու համար», այս հարցին ևս Կարապետյանը պատասխանեց՝ «ոչ»
Ավելի վաղ հաղորդվել էր, որ չնայած «Ուժեղ Հայաստանի» վարչապետի թեկնածուն միլիարդատեր գործարար Սամվել Կարապետյանն է, սակայն կուսակցության նախընտրական ցուցակը կգլխավորի նրա եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը:
Սամվել Կարապետյանը չի կարող լինել ոչ վարչապետի և ոչ էլ պատգամավորի թեկնածու, քանի որ գործարարը Հայաստանից բացի, նաև Ռուսաստանի ու Կիպրոսի քաղաքացի է:
Սահմանադրության 148 -րդ հոդվածը սահմանում է՝ վարչապետի թեկնածուն վերջին 4 տարում պետք է լինի միայն Հայաստանի քաղաքացի և վերջն 4 տարում մշտապես բնակված լինի Հայաստանում: Սա նշանակում է, որ Սամվել Կարապետյանը չի կարող ընդգրկվել «Ուժեղ Հայաստանի» նախընտրական ցուցակում: Հետևաբար նորաստեղծ ուժը մտադիր է հաղթել ընտրություններում, որից հետո փոխել վարչապետին վերաբերվող սահմանադրական դրույթը և Սամվել Կարապետյանին վարչապետ դառնալու հնարավորություն տալ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Նարեկ Կարապետյանը անցումային ժամանակահատվածի երաշխավորն է լինելու». իշխող ՔՊ-ն այս սցենարը «ցնորամիտ» է որակում