Ինջիրլիքում գտնվող ռազմակայանը թուրքական է, այսօր հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։ «Այնտեղ ամերիկացի զինվորների ներկայությունը չի նշանակում, որ կայանը Ամերիկայինն է», - ընդգծել է գերատեսչությունը։
Անցած երկուշաբթի՝ մերձավորարևելյան պատերազմի ֆոնին, Թուրքիան հայտարարել էր, թե մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ է Իրանից դեպի Թուրքիա արձակված հրթիռ խոցում։ Ըստ տեղեկությունների, որոշ բեկորներ ընկել էին Գազիանթեփի հարավում՝ Սիրիայի հետ սահմանի մոտ, բաց տարածքում։
Նման մի դեպք էլ տեղի էր ունեցել անցյալ շաբաթ, երբ ՆԱՏՕ-ի պաշտպանական համակարգը բալիստիկ հրթիռ էր որսացել թուրք-իրանական սահմանին։ Երկու դեպքում էլ որևէ մեկը չէր տուժել։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում հերքել էր, որ այդ հրթիռները իրանական ծագում ունեն։
Իրանի կառավարությունը միաժամանակ խոստացել էր հետաքննություն անցկացնել։