Երևանի մանկապարտեզներում աշխատավարձերը բարձրացնելու որոշումն ընդունվեց. ավագանու ընդդիմադիր անդամն այն քաղաքական է որակում

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը վարում է ավագանու նիստը, արխիվ

Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող մանկապարտեզների աշխատողների աշխատավարձերը մայիսից 15-20 տոկոսով կբարձրանան: Այս մասին քաղաքապետ Տիգրան Ավինյանը դեռ փետրվարին էր հայտարարել իր ֆեյսբուքյան էջով, այսօր ավագանին ընդունեց նախագիծը:

Երևանի ավագանու ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմենակ Դանիելյանը սա քաղաքական որոշում որակեց: «Սա ձեզ թելադրված որոշում է, առջևում ընտրություններ են, որ այդ մարդկանց սիրաշահեք՝ ձեզ թելադրվել է, որ բարձրացնեք ու բարձրացվել է մայիսին: Այսինքն, մայիսի բարձր աշխատավարձը կստանան հունիսի 3, 4 կամ 5-ին ու 7-ին կգնան ընտրության: Հենց այնպես չէ, որ մայիսին է բարձրացվել: Կարող էր այս աշխատավարձը հունվարից բարձացվեր, որ չկապվեր ընտրության հետ», - հայտարարեց Դանիելյանը:

«Այո, սա թելադրված է, բայց մանկապարտեզների աշխատակիցների կողմից, սպորտդպրոցի աշխատակիցների կողմից նախկինում էր թելադրված: Իրականում վերջին տարիներին քաղաքապետարանն իր սեփական եկամուտները եռապատկել է, ու դրա հաշվին ենք նաև աշխատավարձերը բարձրացնում», - արձագանքեց Ավինյանը: Քաղաքապետը նշեց, որ դա արվում է, նաև որպեսզի մանկապարտեզների աշխատակիցներից շատերի աշխատավարձը դառնա, կամ անցնի 200 հազար դրամը, որ նրանք էլ կարողանան օգտվել առողջապահական ապահովագրությունից:

«2024-ին էլ մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձերը բարձրացրել ենք 15-31 տոկոսով։ Նախորդ տարի բարձրացրել ենք նաև երաժշտական և արվեստի դպրոցների աշխատակիցների, մշակութային կենտրոնների և մարզադպրոցների աշխատակիցների աշխատավարձերը», - ընդգծեց քաղաքապետը: