Փաշինյան․ «Պետք է կառուցենք երկիր, որտեղ երեք երեխա ունենալը կնոջ համար սովորական կլինի»

«Մենք պետք է կարողանանք այնպիսի երկիր կառուցել, որտեղ առնվազն երեք երեխա ունենալը սովորական լինի յուրաքանչյուր կնոջ համար», - Մարտի 8-ի առիթով հղած իր ուղերձում նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նշելով՝ որքան շատ է հանրային, քաղաքական, տնտեսական կյանքում ներգրավված կինը, այնքան պակաս է հակված երեխա ունենալու, և սա մեծագույն խնդիր է մեր երկրի համար, Փաշինյանն ընդգծել է, որ այս խնդիրը պետք է ռազմավարական մտորումների տեղիք տա։

«Մենք պետք է կարողանանք այնպիսի երկիր կառուցել, որտեղ առնվազն երեք երեխա ունենալը սովորական լինի յուրաքանչյուր կնոջ համար, բայց եւ չնշանակի պասիվացում, մեկուսացում հանրային, տնտեսական կյանքից։ Մենք հիմա նման երկիր ենք կառուցում․ մանկապարտեզների կառուցման մեր ծրագիրը, որը կշարունակվի նաեւ 2026–2031 թվականներին, մսուրային ծառայությունը լայնորեն հասանելի կդարձնի ողջ հանրապետությունում», - նշել է վարչապետը:

«Այսօր մեր երկիրը բոլորիդ աչքի առաջ հաջողություններ է գրանցում, եւ դա կապված է նաեւ մեր հանրային, պետական, տնտեսական կյանքում կանանց ներգրավվածության մեծացող աստիճանի հետ։ Կանայք հիմնականում չեն տրվում քրեական ենթամշակույթի ազդեցությանը, որի քայքայող նշանակությունը մեզանում գիտակցված չէ խորությամբ։ Այդ երեւույթի քայքայիչ ազդեցությունն է, որ խոչընդոտում է մեր տղաների առավել կրթամետ լինելուն, ինչը լրջագույն խնդիր է մեր իրականության մեջ։ Մյուս կողմից ուրախություն եմ ապրում՝ տեսնելով, թե մեր աղջիկները որքան կենտրոնացած են կրթության վրա, ինչը մեծացնում եւ մեծացնելու է նրանց մրցունակությունն աշխատանքի եւ կարիերայի մեջ», - նշել է վարչապետը: