70 մլն եվրոյի վարկ՝ ջրամատակարարման և ոռոգման բարելավման համար

Արխիվային լուսանկար

«Ձորաղբյուրում ջրի կորուստ չկա, որովհետև առհասարակ ջուր չկա», - Ազգային ժողովում հայտարարեց իշխանական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը:

Հայաստանը Վերակառուցման և զարգացման միջազգային բանկից 70 միլիոն 400 հազար եվրոյի վարկ է վերցրել՝ երկրի ջրամատակարարման և ոռոգման ծառայությունները բարելավելու նպատակով։

Գաբրիելյանը Ջրային կոմիտեի նախագահին հարցրեց՝ վարկային այդ ծրագրի շրջանակներում իրենք ջուր կունենա՞ն. - «Կարո՞ղ ենք դիտարկել, որ այս ծրագրի շրջանակներում Ձորաղբյուրում նույնպես թեկուզ օրական երկու-երեք ժամ ջուր ունենալու հույս կլինի, որովհետև այնտեղ ընդհանրապես ջուր չկա»:

Երևանի մերձակա Ձորաղբյուր թաղամասում շուրջ 500-700 առանձնատուն կա, այստեղ ամռանը շաբաթական մեկ օր ու մեկ ժամով է խմելու ջուր լինում: Ոռոգման ջուր էլ ընդհանրապես չկա, ասում են բնակիչները:

Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանի փոխանցմամբ՝ «Վեոլիա Ջուր»-ը և Կառավարությունը խմելու ջրի մատակարարման ու ջրահեռացման համակարգերում տարեկան 11 միլիարդ դոլարի ներդրում են անում, ու այդ շրջանակներում նաև Ձորաղբյուր թաղամասի հարցը կդիտարկվի, բայց երբ՝ չասաց:

«Ուզում եմ հաշվի առնեք, որ նման կարիքներ ունենք Հայաստանի բազմաթիվ համայնքներում և բազմաթիվ բնակավայրերում, «Վեոլիա»-ի հետ համագործակցությամբ մենք ընտրում ենք ամենահրատապ բնակավայրերը», - ասաց Ղալամքարյանը՝ շարունակելով. - «Այս պահին ընթացիկ ծրագրեր ունենք, օրինակ, Նուբարաշենում, Աջափնյակում, Երևանի կենտրոնում, Ալավերդիում, Արագածոտնի մարզում: Ընտրվել են այն բնակավայրերը, որտեղ ամենամեծ կորուստներն են, որպեսզի ունենանք ամենաշատ խնայված ջուր»:

Ջրային կոմիտեի նախագահը հայտարարեց՝ Ազգային ժողովի հաստատմանը ներկայացված վարկային այս ծրագրի առաջին փուլում 25 միլիոն դոլարի ներդրում կարվի ջրամատակարարման ու ջրահեռացման ուղղությամբ, 120 միլիոն էլ՝ ոռոգման համակարգի ու ենթակառուցվածքների վերակառուցման և հիմնանորոգման համար: Տարիներ շարունակ այս ոլրոտը ռազմավարություն չի ունեցել, վստահեցրեց՝ դա էլ կլինի:

Կապիտալ աշխատանքների մեծ մասն էլ Երևանում կլինեն, որովհետև, ասաց Ղալամքարյանը, ջրի օգտագործման ծավալներն անհամեմատ մեծ են մայրաքաղաքում:

Պատգամավորները հետաքրքրվեցին՝ «Վեոլիա Ջուր»-ն օրերս հրապարակել էր ջրամատակարարման 17-ժամյա գրաֆիկ, հետո Կառավարությունը պնդեց, թե գրաֆիկը կվերանայվի, բայց առանց դրա էլ մայրաքաղաքի շատ հասցեներում գիշերը ջուր չի լինում:

Ղալամքարյանի պատասխանն ընդհանրական էր. - «Մեր նախնական գնահատականն այն է, որ այնտեղ պոտենցիալ ունենք ժամանակացույցը բարելավելու: Պարտադիր կապիտալ աշխատանքների ծրագրերը, որոնք ընթացիկ են, իրականացնում ենք, բայց նոր թափ ենք հաղորդելու և դրանց արդյունքում ունենալու ենք խնայված ջուր բավականին մեծ ծավալների՝ խոսքը վերաբերում է թե՛ Երևանին, թե՛ մարզերին: Եվ ունենք հայտնաբերված նոր ջրաղբյուրներ, որոնց ուղղությամբ աշխատանքներ տանում էինք նախքան այս ժամանակացույցը, խնդրում եմ չկապել մեկը մյուսի հետ, որոշում կայացվեց լրացուցիչ ռեսուրսներ ներդնել և այդ ջրաղբյուրներից ջուրը Երևան հասցնել ավելի արագացված ռեժիմով»:

«Ջրամատակարարման նոր գրաֆիկը հրապարակելու համար երկու շաբաթ ժամանակ ենք խնդրել», - ասաց Ջրային կոմիտեի նախագահը։

Պաշտոնյան խոստացավ՝ 7 ժամ տևող ջրանջատումները կկրճատեն՝ հասցնելով 3–4 ժամի։ Բայց ընդգծեց՝ ամռան պիկ ամիսներին գիշերային ջրանջատումները պարտադիր են, որ ջրավազանները լցվեն, ու կուտակված ջուրը ցերեկն օգտագործվեն:

Հայաստանը ջրի խնդիր չունի, հակադարձեցին ընդդիմադիր պատգամավորներն ու հիշեցրեցին՝ բազմիցս են ԱԺ ամբիոնից խոսել համակարգի խնդիրներից:

Գառնիկ Դանիելյանը Ջրային կոմիտեի նախագահից հետաքրքրվեց. - «Էդ ո՞նց է լինում, որ էդ տարիներով կուտակված խնդիրը մի հատ Կառավարության զանգով կարգավորվում է: Արդյո՞ք սա մանիպուլյացիա չի: Կարան զանգեն՝ և էդ խողովակաշարերը արդեն խնդիր չունենան, կորուստ չլինի, բան անի ... Էդ գաղտնիքը ուզում եմ մի հատ ասեք, էլի»:

«Մանիպուլյացիա չկա, գաղտնիք էլ չկա, ես արդեն նշեցի. ներդրումներ են արվում ենթակառուցվածքների արդիականացման, հիմնանորոգման ուղղությամբ, և դրանց արդյունքում ունենալու ենք խնայված ջուր: Երկրորդ գործոնը հայտնաբերված նոր ջրաղբյուրներն են՝ մոտավորապես 200 լիտր/վայրկյան ծավալով ջուր կտեղափոխենք Երևան արագացված կարգով», - արձագանքեց Արամազդ Ղալամքարյանը:

2017-ին «Վեոլիա»-ն Հայաստանի ջրային համակարգը ստանձնել է 80 տոկոս մաշվածությամբ, գրեթե 90 տոկոս ջրային կորուստով, ասաց պաշտոնյան, պնդելով՝ ջրային կորուստները մի քանի անգամ կրճատվել են՝ հասնելով 46-50 տոկոսի:

«Վեոլիա»-ի հետ պայմանագիրը գրվել է 2015-2017 թվականներին, ես չէ, որ ձեզ պիտի հիշեցնեմ՝ ով է եղել իշխանության այդ տարիներին: 2017-ին մենք ժառանգություն ենք ստացել այդ պայմանագիրը և «Վեոլիա»-ին: Այո, այդ պայմանագրով ենթակառուցվածքներում ներդրումները պիտի անի պետությունը; Ես էլ ձեզ ասում եմ՝ եթե պայմանագրում նախկին իշխանությունը գրել էր 1.5 միլիարդ դրամ տարեկան, 2 միլիարդ դրամ տարեկան, այս Կառավարությունը որոշում է կայացրել տարեկան ծավալը հասցնել 11 միլիարդի: Անելու ենք նույնքան 26-27 թվականներին», - հայտարարեց Ղալամքարյանը:

«Նորի՞ց նախկիններն են մեղավոր»,- հարցրեցին ընդդիմադիրները:

Իշխանական պատգամավոր Ծովինար Վարդանյանն ու ընդդիմադիր Արթուր Խաչատրյանն սկսեցին իրար հակադարձել:

«Թե՞ էդ ժամանակ պայմանագիրը նկատելի չէր, էդքան էական չէր: Գիտե՞ք խնդիրը որտեղ է՝ դուք ոչ էն ժամանակ, ոչ էլ հիմա ընդհանրապես քաղաքացու մասին չեք մտածում», - հայտարարեց Վարդանյանը:

«Ասում է՝ 15 թվին է պայմանագիրը կնքվել, նախ՝ 15 թվին մենք բացարձակապես կապ չունեինք իշխող կոալիցիայի հետ: Մարդիկ 8 տարի է իշխանություն են, բայց էլի նախկիններն են մեղավոր, 8 տարվա ընթացքում մի հատ պայմանագիր չեն բաշարել վերափոխեն», - հայտարարեց Խաչատրյանը:

70 միլիոն եվրոյի վարկային ծրագրի քվեարկությունը վաղն է:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Գրաֆիկը կվերանայվի, բայց 24-ժամյա ջրամատակարարումը հնարավոր չէ. Ջրային կոմիտեի նախագահ Ջրային կոմիտեի նախագահ. «Վեոլիա Ջուր»-ը կոմիտեի հետ չի համաձայնեցրել ջրային գրաֆիկի փոփոխման որոշումը Կառավարությունը միջամտել է, ջրամատակարարման գրաֆիկի փոփոխություն չի լինի. Խուդաթյան«Վեոլիա Ջուր»-ը հայտարարում է առաջիկա ջրանջատումների մասին, քաղաքացիները դժգոհում ենՎանաձորում «Վեոլիա ջուր» ընկերության տուգանքների հերթական ալիքը. բնակիչները բողոքում են