Չեղարկված թռիչքներ և կրուիզներ Մերձավոր Արևելքում. հայերը չեն կարողանում վերադառնալ Հայաստան

Նատա Հարությունյանն ու ընկերուհին մեկ շաբաթում երեք երկիր ու հինգ քաղաք պետք է տեսնեին, սակայն արդեն երեք օր է Դուբայի նավահանգստում կանգնած նավի անլուսամուտ սենյակներից մեկում են:

«Մնացել ենք նավահանգստում, նավը տեղից չի շարժվել, ու պարբերաբար նավապետը կապի է դուրս գալիս ու ասում, որ էս պահի դրությամբ ամենաանվտանգ տեղը նավի վրա է», - պատմեց Նատա Հարությունյանը:

Շուրջ 7000 ուղևորների տեղափոխող նավը շաբաթ օրը Դուբայի նավահանգստից նավարկության պետք է դուրս գար, սակայն Նատան ու ընկերուհին հազիվ էին հյուրանոցից հասել ու տեղավորվել, երբ տարածվեցին լուրերը, որ իրանական հարվածները Դուբայն են թիրախավորել. «Դրանից հետո նավը չշարժվեց, անընդհատ ասում էին՝ «տեսնենք ինչ է լինում», բայց երեկ արդեն հայտարարեցին, որ կրուիզը պաշտոնապես չեղարկվել է, մենք կարող ենք նավում մնալ, մենք պետք է մինչև ամսի 7-ը մնայինք կրուիզում, հետո ասացին՝ «կտեսնենք, թե ինչ կլինի, ինչ իրավիճակ կլինի», չգիտեմ՝ եթե մինչև 7-ը չկարգավորվի, հանելուն մեզ այստեղից, չեն հանելու: Իրենք էլ, կարծում եմ, չգիտեն»:

Մերձավոր Արևելքի թռիչքների ժամանակացույցն ամբողջությամբ խախտվել է, Ծոցի երկրների օդային տարածքը սահմանափակվել է ուղևորափոխադրումների համար. Դուբայի, Աբու-Դաբիի, Քուվեյթի, Բահրեյնի և Մերձավոր Արևելքի այլ ուղղություններով թռիչքները չեղարկվել են Իրանի հարվածներից հետո: Իսրայելի ու Միացյալ Նահանգների հարվածներին ի պատասխան Թեհրանը 3 օր է թիրախավորում է տարածաշրջանում գտնվող ամերիկյան ռազմաբազաները, հարվածներ են հասցնում նաև քաղաքացիական օբյեկտներին:

Ծոցի տարբեր երկրներում նաև բազմաթիվ հայեր կան, ոմանք հանգստի են մեկնել, ոմանք էլ տարածաշրջանի մեծ օդանավակայաններից մեկում պետք է այլ ինքնաթիռով շարունակեին իրենց ճամփորդությունը: Թե քանիսն են այս պահին մնացել արաբական երկրներում ու չեն կարողանում վերադառնալ կամ շարունակել ճամփորդությունը, Արտաքին գործերի նախարարությունը չի հստակեցրել, սակայն Հայաստանի քաղաքացիներն «Ազատության» հետ զրույցներում պատմում էին, որ նախարարությունն ու դեսպանատներն արագ են արձագանքել:

«Անհամբեր սպասում ենք, որովհետև կուզենք հնարավորինս շուտ հետ վերադառնալ էլի, որովհետև չենք կարող էդպես հանգիստ նստել, մինչև ամսի 7-ը սպասել, թե գուցե հետո բացվի, բա որ չբացվի, բա որ հանեն դուրս, բա ինչ ենք անելու և այլն, դրա համար առաջին իսկ հնարավորության դեպքում կուզենք հետ գալ», - ասաց Նատա Հարությունյանը:

Արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է՝ Մերձավոր Արևելքի երկրներում Հայաստանի դեսպանատներն ու հյուպատոսարաններն աշխատում են 24-ժամյա արտակարգ ռեժիմով: Կապի մեջ են նաև խոշոր ավիաընկերությունների հետ, հայտնում են՝ որոշ դեպքերում ընկերությունները թռիչքների փոփոխության տարբերակներ են առաջարկում, Աբու Դաբիի տեղական իշխանություններն էլ պատրաստակամություն են հայտնել փոխհատուցել այնտեղ գտնվող զբոսաշրջիկների հավելյալ ծախսերը:

Գերատեսչությունը նաև Հայաստանի դեսպանատների կոնտակտային տվյալներն է հրապարակել: Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող Հայաստանի քաղաքացիներին արտաքին գերատեսչությունը տեղեկացնում է՝ աշխատում են հնարավորության դեպքում դեպի Հայաստան թռիչք կազմակերպել: Այն մարդիկ, որոնք կցանկանան Օմանի տարածքով Հայաստան վերադառնալ, կարող են լրացնել նախարարության ֆեյսբուքյան էջում հրապարակված հայտը. առաջնահերթություն կտան երեխաներին, տարեցներին ու կանանց:

«Երեկոյան ուշ ժամերի խորհուրդ են տալիս, որ մնանք հյուրանոցում»

Սևան Շիրվանյանը ավելի քան մեկ տասնյակ հայ զբոսաշրջիկների հետ Շրի Լանկայից Երևան պետք է վերադառնար Քուվեյթով, սակայն, հենց ինքնաթիռում նրանց տեղեկացրին, որ թռիչքները հետաձգվել են, ավելի ուշ պայթյունի ձայն լսեցին հենց օդանավակայանում.

«Մենք արդեն ինքնաթիռի մեջ էինք, որ հայտարարեցին, թե քաղաքական նկատառումներով թռիչքը հետաձգվում ա, շուրջ մեկ ժամ անց մեզ ինքնաթիռից իջացրեցին, մենք gate-ում նստած էինք, մեր կողքի տերմինալում պայթեց և ծուխը, ամեն ինչը մենք էլ տեսանք», - պատմեց նա:

Նրանք այժմ ժամանակավոր Քուվեյթի հյուրանոցներից մեկում են, մինչ Հայաստանի հյուպատոսարանը նրանց վերադարձի տարբերակ է փնտրում. «Երեկոյան ուշ ժամերի խորհուրդ են տալիս, որ մենք մնանք հյուրանոցի մեջ, օրվա ընթացքում մոտակայքը կարողանում ենք դուրս գալ-ներս գալ, երեկ երեկոյան ինչ-որ պայթյունների ձայներ լսվել ա նորից, ուստի մենք ինքներս փորձում ենք հնարավորինս չափ քիչ դուրս գալ հյուրանոցից»:

Իրանում գտնվող հայերի հետ կապ հաստատել շաբաթ օրվանից չի ստացվում: Ոչ բջջային, ոչ էլ ինտերնետային կապով հնարավոր չէ զանգեր կատարել: