Ջրային կոմիտեի նախագահ. «Վեոլիա Ջուր»-ը կոմիտեի հետ չի համաձայնեցրել ջրային գրաֆիկի փոփոխման որոշումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը Ջրային կոմիտեի հետ չի համաձայնեցրել ջրային գրաֆիկի փոփոխման որոշումը, ասաց Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը՝ Ազգային ժողովում պատասխանելով լրագրողների հարցերին:

Ղալամքարյանը նշեց՝ այն, որ մենք ունենք սահմանափակ ջրային ռեսուրսներ, հատկապես ամառվա պիկ ամիսներին, դա փաստ է. «Վեոլիան» չի խաբում, նախապես ասում է՝ «ժողովուրդ ջան, ամառվա ամիսներին 24-ժամյա ջրամատակարարում չեմ կարող ապահովել»: Այսինքն, ունենալու ենք ջրանջատումներ: Հարցը ջրանջատումների տևողությունն է»:

Ըստ կոմիտեի նախագահի՝ նույն ժամանակացույցը, 3 փողոցների տարբերությամբ հրապարակվել է նախորդ տարվա նոյեմբերին ու այսպիսի աղմուկ և աժիոտաժ չի առաջացել: Ընդամենը 3 հասցեի փոփոխություն է եղել:

«Հասկանում ենք, նախընտրական շրջանում ենք, նման թեմաները ոմանց կողմից օգտագործվում է, բայց մի բան հստակ է՝ «Վեոլիան» ունեցել է պարտավորություն՝ համաձայն կարգի հրապարակելու ժամանակացույցն, ինչն էլ արել է: Մեր խնդիրն այն է, որ կարելի է այդ ժամանակացույցը լավարկել՝ ջարնջատումների կարճ հատվածներ լինի, այսինքն, ժամերի ու ռեժիմների փոփոխություններ լինի տարբեր բնակավայրերում: Կառավարությունն իր կողմից երեկ ևս վերահաստատել է, որ նպատակային գումարներ է ուղղելու, որ լրացուցիչ ջրաքանակներ տեղափոխվեն Երևան: Այդ պլաններն ունեինք, որի գաղափարը հղացել է 3 տարի առաջ, իմ նշանակումից հետո այդ ուղղությամբ ռեալ քայլեր ենք արել», - ասաց Ղալամքարյանը:

Ըստ նրա՝ հաշվի առնելով խնդրի զգայունությունը, կառավարությունը փորձում է օգնել «Վեոլիա Ջուր» ընկերությանը ավելի լավ ռեժիմով ջրամատակարարում ունենալ: Ղալամքարյանի պնդմամբ՝ ներդրումային ծրագրեր են իրականացնելու՝ ենթակառուցվածքների կապիտալ թարմացման, նոր ջրաղբյուրներ են բերելու և կարգավորումներում են փոփոխություններ անելու, որոնք ռեժիմի փոփոխության են բերելու. «Երկու շաբաթ ժամանակ տվեք կաշխատենք ՀԾՀ-ի ու «Վեոլիա Ջուր»-ի հետ և արդյունքների մասին կիմանաք»:

Լրագրղոների հարցին՝ մտահոգություն կա՞, որ ընտրություններից հետո շարունակվելու են 17-ժամյա ջրային գրաֆիկը, Ղալամքարյանը պատասխանեց՝ «այն հասցեներում, որտեղ նշված է եղել 17 ժամ, հավաստիացնում եմ, որ ժամերի ավելացում կունենանք»:

Ըստ Ղալամքարյանի՝ տարեկան 45 տոկոս ջրային կորուստ կա:

«Վեոլիա Ջուր»-ը հայտարարել էր, որ մայիսի 1-ից մինչև սեպտեմբերի 16-ը Հայաստանում խմելու ջուրը գիշերվա ժամը 12-ից մինչև առավոտյան 7-ը կանջատվի, ինչը հարուցել էր քաղաքացիների դժգոհությունը: Նախօերին, սակայն, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հայտնեց, որ Կառավարության միջամտության արդյունքում ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխություն չի լինի:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Կառավարությունը միջամտել է, ջրամատակարարման գրաֆիկի փոփոխություն չի լինի. Խուդաթյան«Վեոլիա Ջուր»-ը հայտարարում է առաջիկա ջրանջատումների մասին, քաղաքացիները դժգոհում են