Ադրբեջանի քաղբանտարկյալները կոչ են արել Եվրոպական հանձնաժողովին ուժեղացնել ճնշումը երկրի վրա

Ադրբեջանում մի խումբ քաղբանտարկյալներ կոչ են արել Եվրոպական հանձնաժողովին ուժեղացնել ճնշումը երկրի ղեկավարության վրա՝ մարդու իրավունքների նկատմամբ հարգանքն ապահովելու համար։

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին ուղղված բաց նամակում հեղինակները մեղադրել են Բաքվի իշխանություններին դատական համակարգին միջամտելու համար։

«Մենք խորապես հիասթափված ենք, որ Եվրոպական խորհրդարանի բանաձևերը՝ Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ, մնում են թղթի վրա, մինչդեռ Եվրոպական հանձնաժողովը չի մոբիլիզացնում իր ռեսուրսները երկրում քաղբանտարկյալների խնդիրը լուծելու համար», - գրված է նամակում։

Նամակում նշվում է, որ մինչ Բաքուն փորձում է սերտացնել հարաբերությունները Բրյուսելի հետ, երկրի ներսում իշխանությունները ճնշում են քննադատ լրագրողներին, գիտնականներին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին և ընդդիմությանը։

Ամիսներ շարունակ նախնական կալանքի տակ գտնվող ընդդիմադիր առաջնորդ Ալի Քերիմլիի կինը՝ Սամարա Սեյիդովան DPA-ին ասել է, որ երկրում չկա խոսքի ազատություն։

«Նույնիսկ սոցիալական ցանցերում քննադատական մեկնաբանությունները կարող են հանգեցնել 20 կամ 30 օրով կալանքի»,- ասել է նա՝ հավելելով, որ Ադրբեջանում այսօր կա 340 քաղբանտարկյալ, այդ թվում՝ 24 լրագրող։

Դեկտեմբերին Եվրոպական խորհրդարանը բանաձև է ընդունել, որով դատապարտում է Ադրբեջանում նախագահ Ալիևի քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ իրականացվող հետապնդումներն ու կալանավորումները՝ կոչ անելով նրանց ազատ արձակել և հորդորելով Եվրամիության առաջնորդներին պատժամիջոցներ կիրառել այդ ճնշումներում ներգրավված ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Բաքվի ռեժիմն իր բռնապետությունը բերել է Վաշինգտոն». Ալիևի թիկնապահները ցուցարարների են ծեծում ԱՄՆ մայրաքաղաքումԵվրախորհրդարանը Բաքվին կոչ է անում ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին