2025-ին աննախադեպ մեծ թվով` 129 լրագրողներ են զոհվել

Georgia -- CPJ press

2025 թվականին իրենց աշխատանքը կատարելիս սպանվել են մեկ տարվա համար ռեկորդային թվով լրագրողներ և մեդիա աշխատակիցներ։ Նյու Յորքում տեղակայված Լրագրողների պաշտպանության կոմիտե (CPJ) անկախ կազմակերպության ուսումնասիրությունների համաձայն՝ 129 սպանված մեդիա աշխատակիցների երկու երրորդի մահվան պատասխանատուն Իսրայելի զինված ուժերն են։

Ըստ զեկույցի՝ 2025-ին Իսրայելի կրակոցների հետևանքով սպանվել են 86 լրագրողներ, որոնց մեծ մասը պաղեստինցիներ են Գազայում, սակայն ներառված են նաև 31 մեդիա աշխատակիցներ, ովքեր զոհվել են Եմենում Հութի շարժման լրատվական կենտրոնին հասցված հարվածի հետևանքով։

Իսրայելի զինված ուժերը չեն մեկնաբանել այս զեկույցը։ Ավելի վաղ, այդուհանդերձ, իսրայելական կողմը պնդել էր, թե Գազայում իրենց ուժերը թիրախավորում են միայն մարտիկներին, սակայն մարտական գոտում գործողությունները ինքնին ռիսկեր են պարունակում։ Իսրայելն ընդունել է նաև, որ սեպտեմբերին հարձակվել է Եմենում մեդիա կենտրոնի վրա՝ այն որակելով որպես Հութի շարժման քարոզչական կենտրոն։

Միջազգային լրատվական կազմակերպությունները հերքում են, թե սպանված լրագրողները որևէ կապ ունեին զինված խմբավորումների հետ։

Գազայից ու Եմենից բացի, լրագրողների համար ամենավտանգավոր երկրներն են՝ Սուդանը՝ լրատվամիջոցների աշխատակիցների մահվան 9 դեպք, Մեքսիկան՝ 6, Ուկրաինա՝ 4, Ֆիլիպիններ՝ 3 դեպք։