Վեհափառի հրաժարականը պահանջող Հովնան արքեպիսկոպոսը մինչև Ավստրիա մեկնելը լավատես էր: Նա եպիսկոպոսական հավաքի էր գնում ահեղ հարցադրումներով ու դրանց պատասխաններն ստանալու վստահությամբ:
«Ակնկալություն ունենք հստակ պատասխաններով վերադառնալու, մենք մեր եկեղեցին կուզենք տեսնել կանոնական ընթացքի մեջ», - ասում էր նա:
Կաթողիկոսի կուսակրոնության ուխտը խախտելու, նրա եղբոր «գործակալ լինելու», հոգևորականներին ցույցերի մասնակցությանը պարտադրելու հարցերից մինչև միանձնյա կառավարման մեղադրանքներ՝ Հովնան սրբազանը, որ Փաշինյանի հետ եկեղեցու բարենորոգում էր սկսել, այժմ միացել է այն հայտարարությանը, որ տարածվեց կեսգիշերին մոտ՝ Ավստրիայի Սանկտ Փյոլթն քաղաքից՝ մասնակից բոլոր 25 արքեպիսկոպոսների ու եպիսկոպոների անունից: Նրանք վերահաստատում են հավատարմությունը Էջմիածնին ու Ամենայն Հայոց կաթողիկոսին, Հայաստանի իշխանություններին կոչ են անում դադարեցնել եկեղեցու հանդեպ հալածանքները, հարգել դարերով ամրագրված ինքնավարությունը:
«Վերջ դնել շինծու մեղադրանքներով ու զրպարտություններով եկեղեցականների ու ազգընտիր Ամենայն Հայոց հայրապետի նկատմամբ բռնաճնշումներին, ազատ արձակել կալանավորված չորս սրբազան մեր եղբայրներին, քահանային, ինչպես նաև Եկեղեցուն ի պաշտպանություն հանդես եկած հայորդիներին, գործել բացառաբար Հայաստանի Սահմանադրությամբ», - ասված է հայտարարության մեջ:
Եպիսկոպոսական հավաքի մասնակիցները հարցերը երկխոսությամբ լուծելու հույս ունեն՝ «զերծ մնալով անհեռանկար վերջնագրային խոսույթից»։ Դիմել են նաև Փաշինյանին միացած եպիսկոպոսներին, միայն թե նրանց թիվը այս հայտարարությունում արդեն կրճատված է երկուսով, ենթադրաբար բարենորոգողների ցանկից հանել են Հովնան արքեպիսկոպոսին, որի անունը վեհափառին աջակցող այս հայտարարության տակ է, և Գևորգ եպիսկոպոս Սարոյանին, նրան Մայր աթոռը կարգալույծ է հռչակել:
«Հորդորում ենք խոտորյալ ութ սրբազաններին գործել Սուրբ Էջմիածնի և Ամենայն Հայոց կաթողիկոսի հանդեպ հավատարմության ուխտի և ծառայական կոչման գիտակցությամբ, ներեկեղեցական կյանքին առնչվող խնդիրներն արծարծել և լուծել բացառապես Եկեղեցու լիազոր ատյաններում, ձեռնպահ մնալ հակականոնական գործողություններից, ջլատող քայլերից ու անջատողական դրսևորումներից», - նշել են հոգևորականները:
Այսօրվա իրականության հետ ոչ մի կապ չունեցող տեքստ է, ոչ մի անդրադարձ Արշակ սրբազանին վերագրվող սեռական սկանդալի, եկեղեցու քաղաքականացման հարցերին, ասում է Գևորգ եպիսկոպոս Սարոյանը. «Ներկայացված է ամեն ինչ գլխիվայր, այսինքն՝ իբր թե եկեղեցական իշխանությունն իր համար խոնարհությամբ զբաղվում է իր առաքելությամբ, բայց նաև պետությունները խանգարում են, չեն թողնում ինքն իր առաքելությունն իրականացնի»:
Հայտարարությունն ընդհանուր առմամբ Սարոյանը խիստ կասկածելի է համարում, 25 հոգու անուն է շարված տեքստի տակ, ստորագրություններ չկան: Նա վստահ չէ, որ բոլորն են ծանոթ տեքստին, ասում է՝ այդպիսի ձեռագիր ունի Մայր Աթոռը. «Այս տեսակ տեքստեր մենք շատ ենք տեսել, երբ ժողովից հետո կամ ժողովից առաջ արդեն իսկ պատրաստված էր, և մնացածի հետ պետք էր համաձայնեցնել, շատ հաճած չէին էլ համաձայնեցնում»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Աղոթեք մեզ համար, կարևոր օրեր են մեր եկեղեցու կյանքում». եպիսկոպոսական հավաքը՝ ԱվստրիայումԱվստրիայի հավաքի մասնակիցները նաև անընդունելի են համարել «արտաքին պարտադրանքի ներքո բարենորոգման որևէ շարժում», հարցերը, նշել են, պետք է լուծել եպիսկոպոսական ժողովներում: Այն, ինչ հրավիրվեց Սանկտ Փյոլթնում ու շարունակվեց երեք օր նույնպես պիտի եպիսկոպոսական ժողով լիներ, բայց այն վերածվեց հավաքի՝ առանց որոշումներ ընդունելու լիազորության, քանի որ կաթողիկոսը 6 եպիսկոպոսների հետ մեղադրյալ դարձավ՝ երկիրը լքելու արգելքով: 25 եպիսկոպոսների հայտարարությունում նաև պատասխան կա իշխանականների մեղադրանքներին, թե վեհափառն ու հոգևոր վերնախավը օտար երկրին են ծառայում, գործակալներ են, նույնիսկ կաթողիկոսական գահն են ուզում տեղափոխել:
«Հայոց եկեղեցին երբեք չի ծառայել և չի ծառայում օտար ուժերի կամ արտաքին շահերի, այլ իր հավատարմությունն անսակարկ պահել է բացառապես հայ ժողովրդին, նրա պետականությանը և ազգային ինքնության պահպանությանը», ասված է հայտարարության մեջ։
Միացյալ Նահանգների արևմտյան թեմի առաջնորդը բարենորոգման օրակարգին միանալու իր հիմնավորումներում վեհափառի դիրքորոշումը հակապետական էր որակել՝ ի թիվս մի շարք այլ մեղադրանքների: Ի՞նչ փոխվեց Վիեննայում. Հովնան արքեպիսկոպոսին ուղղված մեր զանգերը անպատասխան մնացին: Իսկ բարենորոգման օրակարգը շարունակող Սարոյանը թիմակցի կտրուկ շրջադարձը մեկնաբանել չի կարող, նույնիսկ վստահ չէ, որ շրջադարձ է եղել:
Բարենորոգման խորհրդի անդամները վստահ էին, որ Հովնան սրբազանը Վիեննա է մեկնում միայն իրենց օրակարգով. «Ժողովից առաջ էլ այն մարդիկ, ում հետ կապի մեջ էր Հովնան սրբազանը, իրենց փոխանցվել է, որ «ես հավատարիմ եմ այն ամենին, ինչ մինչև այս խորհուրդն արել է, և խորհրդի հետ եմ, և ես գնում եմ այս ժողովին՝ հետապնդելու համար այդ մեղադրանքները: Հիմա ես չգիտեմ՝ հետապնդել է, թե չէ իրոք»:
Ըստ հավաքի մասնակիցների անունից տարածված հաղորդագրության՝ Հովնան արքեպիսկոպոսը Վիեննայի հավաքին ելույթ է ունեցել «Եկեղեցու առաքելությունն արդի ժամանակաշրջանում և առկա մարտահրավերները հայրենիքի և սփյուռքի մեջ» թեմայով: Արդյոք սրբազանը հաջողացրե՞լ է այս զեկույցի շրջանակներում շոշափել ինտիմ տեսանյութի, վեհափառի դուստր ու кгб-ական եղբայր ունենալու հարցերը, գուցե ստացել է այս հարցերի սպառիչ պատասխանն, ու այդ պատճառով է նրա անունը հայտնվել հայտարարության տակ: Այս հարցերի պատասխանը անհայտ է:
Եպիսկոպոսական հավաքի հայտարարությանն առայժմ չի արձագանքել նաև եկեղեցու բարենորոգման արշավի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը, հայտարարությունում, ի դեպ, մի հիշեցում կա՝ Հայոց եկեղեցու գլուխը Հիսուս Քրիստոսն է: