Այսօր Երևանի Աջափնյակ վարչական շրջանում հնչած կրակոցների հետևանքով մեկ մարդ զոհվել է, կան վիրավորներ: Մահացածը 45-ամյա Ա․ Վ․-ն է, հայտնել է ՆԳՆ-ն:
«Յոթը բերվել են «Արմենիա» ԲԿ, որից հինգը՝ շտապօգնության մեքենայով, երկուսը՝ տարբեր այլ մեքենաներով։ 7-ից երկուսի վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր, այդ երկուսից մեկը մահացել է վիրասրահում։ Երեքը վիրահատվում են այս պահին, մյուս երկուսն էլ վերակենդանացման բաժանմունքում են, բայց էլի տարբեր միջամտություններ և բժշկական օգնություն է ցուցաբերվում։ Նախնական տեղեկություններով՝ հրազենային վնասվածքներ են, հիմնականում կրծքավանդակի և որովայնի շրջանում։ Մյուսների վիճակը՝ կայուն ծանր է, վերակենդանացման բաժանմունքում են», - «Ազատությանը» փոխանցեց «Արմենիա» ՀԲԿ գլխավոր տնօրենի վիրաբուժական գծով տեղակալ Աշոտ Կուրղինյանը:
Առողջապահության նախարարության փոխանցմամբ էլ՝ հիվանդանոց տեղափոխված 7 քաղաքացիներից երեքի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, երեքինը` ծանր:
Ներքին գործերի նախարարությունն ավելի ուշ մանրամասնել է, որ ժամը 15-ի սահմաններում է վիճաբանության և կրակոցների մասին ահազանգ ստացել: Նշվում է, որ ոստիկանները պարզել են միջադեպի մասնակից անձանց շրջանակը: Սակայն դեռևս չի հրապարակվել նրանց ինքնությունը: Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են: