Գերմանիայում անցկացված նոր հետազոտությունը ցույց է տվել, որ հարյուր հազարավոր երեխաներ և երիտասարդներ սոցիալական մեդիայից ռիսկային մակարդակի կախվածություն ունեն։
Ուսումնասիրությունը, որի տվյալները հրապարակել է DAK-Gesundheit առողջապահական ապահովագրական ընկերությունը, փաստում է, որ կախվածությունն աստիճանաբար աճում է։ Ըստ այդմ՝ մոտ 350,000 երեխա և երիտասարդ ունի սոցիալական մեդիայի պաթոլոգիական կիրառում։ Սա արտահայտվում է, օրինակ, դպրոցից ուշանալով, ցածր գնահատականներով, քնի խանգարումներով և ինքնակառավարման կորստին ուղեկցող այլ ախտանշաններով։
Հետազոտությունը ցույց է տվել, որ երեխաներն ու երիտասարդները սովորական աշխատանքային օրը սոցիալական մեդիայում անցկացնում են միջինում 2.7 ժամ, իսկ հանգստյան օրերին՝ 3.3 ժամ։
«Պետք է արագ գործենք՝ մեր երեխաներին պաշտպանելու և ուժեղացնելու համար»,- եզրահանգել է ուսումանսիրությունը իրականացրած կազմակերպությունը՝ հավելելով՝ միայն տարիքային սահմանափակումները բավարար չեն, անհրաժեշտ է նաև մեդիա գրագիտության զարգացման ավելի ակտիվ ուսուցում։
Գերմանիայի կոալիցիոն կառավարության երկու կուսակցությունները քննարկում են երեխաների՝ սոցիալական մեդիայի հասանելիությունը սահմանափակելու տարբերակներ։
Անչափահասների համար սոցցանցերը արգելելու մտադրության մասին հայտարարել էին Իսպանիան, Ֆրանսիան և Սլովենիան։ Ավստրալիայում այդ արգելքն ուժի մեջ է մտել 2025 թվականի դեկտեմբերին։