«1-2-3 համաձայնագիրը ստորագրել ենք, որ ԱՄՆ-ը բացահայտի մոդուլյար ռեակտորների տեխնոլոգիաների նրբությունները». Փաշինյան

«Ստորագրել ենք 1-2-3 համաձայնագիրը, որ ԱՄՆ-ը բացահայտի մոդուլյար ռեակտորների տեխնոլոգիաների նրբությունները», - հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«1-2-3 համաձայնագիրը նրա մասին է, որ Հայաստանը կունենա հնարավորություն ամբողջական տեղեկատվություն ստանալ, այդ թվում՝ մոդուլյար ռեակտորների այն տեխնոլոգիաների վերաբերյալ, որը Միացյալ Նահանգները ունի: Այս համաձայնագրի մաս չկազմող պետությունների համար այդ տեխնոլոգիաները գաղտնի են, այսինքն, որևէ մեկը չգիտեի՝ եթե այս համաձայնագրի մաս չէ, մոդուլային ռեակտորները հասունության ինչ մակարդակի են հասել, այն տեղեկատվությունը, որ կարելի էր ունենալ առանց այս համաձայնագրի, մենք ունենք, բայց քանի որ այդ ունեցած տեղեկատվության վրա մեր հետաքրքրությունը մեծացել էր ու Միացյալ Նահանգների հետ մեր հարաբերություններն էլ զարգանում են, դրա համար ենք 1-2-3 համաձայնագիրը ստորագրել, որպեսզի Միացյալ Նահանգները մեզ համար բացահայտի տեխնոլոգիայի մյուս նրբությունները, որպեսզի մենք ամբողջական գնահատելու հնարավորություն ունենանք», - ասաց նա

Վարչապետն ընդգծեց, որ այս թեման քննարկել են նաև Ռուսաստանի գործընկերների հետ:

«Այնտեղի տեխնոլոգիայի առանձնահատկությունն այն է, որ դա ջրի վրա է, սուզանավի ռեակտորը ադապտացված տարբերակ է: Մենք նաև Ռուսաստանի մեր գործընկերներին խնդրել ենք, որպեսզի նրանք մեր փորձագիտական պատվիրակության այց կազմակերպեն, որպեսզի հնարավորություն ունենանք հասանելիություն այդ տեխնոլոգիային նույնպես, բայց Ռուսաստանում ցամաքի վրա չկա: Չինաստանում կա մեծ առաջընթաց այդ ուղղությամբ, Կորեայում», - ներկայացրեց վարչապետը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու փոխնախագահ Ջեյ Դի Վենսը փետրվարի 9-ին խաղաղ միջուկային համագործակցության շուրջ բանակցություններն ավարտելու մասին հայտարարություն ստորագրեցին:

Մինչ Վենսի այցը հայկական կողմը չէր հստակեցնում, թե որ երկրի տեխնոլոգիայով է նոր ատոմակայան կառուցելու: Ջեյ Դի Վենսը բավականին ուղիղ հայտարարեց՝ ամերիկյան տեխնոլոգիաները՝ փոքր մոդուլային ռեակտորները Հայաստան կհասնեն:

Չնայած ռուսական կողմի հետ քննարկումներին, անցած տարվանից Հայաստանի իշխանությունները սկսել էին խոսել ամերիկյան՝ փոքր մոդուլային տիպի ատոմային էլեկտրակայանների հնարավորություններին ծանոթանալու մասին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Հայաստանի կողմից ԱՄՆ միջուկային տեխնոլոգիաների ընտրությունը հարցեր է առաջացնում ՌԴ-ում. ԶախարովաԵ՞րբ Հայաստան կհասնեն ամերիկյան տեխնոլոգիաները՝ մոդուլային ռեակտորները