ՔՊ-ում ընտրություններ են. ովքեր կանցնեն «նախաորակավորման» փուլը

Արխիվային լուսանկար

«Քաղաքացիական պայմանագրի» գրասենյակում այսօր նախընտրական ցուցակի ձևավորման համար ընթանում են ընտրություններ։ Երևանից և մարզերից տարբեր կուսակցականներ գալիս են այստեղ, կատարում իրենց ընտրությունը, և ըստ ՔՊ-ականների, հենց ՔՊ-ական պատվիրակների քվեարկությամբ էլ կձևավորվի նախընտրական ցուցակը։

«Հիմա ընտրվում է փաստացի առաջին 50-ը և երկրորդ 50-ը, և մնացածն էլ է կազմվում, իհարկե, բայց առաջին 50-ը ընտրված, որը որ կընտրվի այս քվեարկությամբ, իհարկե հետո օրենքով սահմանված կարգով քվոտայի միջամտություն կարվի, բայց այդ կազմավորված 50-ը հետագայում մի հատ էլ երկրորդ փուլի քվեարկություն կանցնի, որպեսզի արդեն կազմավորվի այդ 50-ի դասավորվածությունը։ Իսկ մյուս 50-ը արդեն կազմավորված է, իհարկե քվոտայի միջամտությունը կլինի, և վարչությունը կունենա որոշակի համաժողովի կողմից սահմանված կարգով կունենա շատ փոքր ինչ-որ միջամտության հնարավորություն, բայց հիմնականում կլինի քվեարկությամբ»։

«Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական ցուցակի ձևավորման համար անցած տարվա վերջին նախ հայտարարվեց մի ժամկետ, որի ընթացքում կարող էին առաջադրումներ լինել, որից հետո արդեն վարչությունը ֆիլտրեց այդ առաջադրումների արդյունքում ստացված ցուցակը, և հիմա արդեն հերթը հասել է համաժողովի գործընթացով պատվիրակների քվեարկությամբ արդեն այս պրոցեսին։

Առաջադրումների փուլում բազմաթիվ ՔՊ-ականներ, որոնք հայտնի են և նաև կուսակցության առանցքային դեմքերն են եղել, չառաջադրվեցին, օրինակ այժմ Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը, Հրաչյա Հակոբյանը, նաև այլ ՔՊ-ականներ այժմ նախընտրական ցուցակում տեղ գտնելու համար չեն առաջադրվել:

Այսօրվա պրոցեսի հետ կապված կան քննարկումներ և քննադատություններ, որ ըստ էության սա ժողովրդավարության իմիտացիա է, և սա պայմանավորվում է նաև այն հանգամանքով, որ ինչ-որ փուլերում պատգամավորներ են մանդատից հրաժարվել հենց վարչապետի հորդորով։ «Քաղաքացիական պայմանագրի» անդամներից Արսեն Թորոսյանին այս հիշեցումը և այն որակումը, որ կարող է այս ամբողջ պրոցեսը ձևական է արվում, վրդովվեցրեց։

«Եթե ձևական լիներ, սա չէր լինի ընդհանրապես, և մենք կուսակցության համաժողովին պարզապես վարչության կողմից որոշված առաջին 30 համարների հարցը կդնեինք քվեարկության, վստահաբար բոլորը կողմ կքվեարկեին, ինչպես շատ կուսակցություններում ու այդպես կգնայինք առաջ, օրենքի պահանջն էլ կատարած կլինեինք: Մենք անում ենք երկփուլ քվեարկություն, ըստ էության մենք հիմա ունենք նախաորակավորման փուլ ու ձևավորվել է կուսակցության ցուցակի մի քանի հատված՝ առաջին, երկրորդ, 100-ից ավելի է, այսինքն առաջին 50-ը, երկրորդ 50-ը և 100-ի ավելի հատվածը», - ասաց Թորոսյանը:

274 հոգուց բաղկացած ցուցակի գերակշիռ մասը հենց կուսակցականներն են, շատ քիչ մասն են կազմում անկուսակցականները: Ըստ էության այս ամբողջ պրոցեսի ընթացքում հենց այս թիվն էլ ի վերջո ֆիքսվելու է՝ 274, բայց թե հորիզոնականներով ինչպես կլինեն արդեն դասավորությունները, պարզ կլինի ցուցակի ձևավորումից հետո:

Կա՞ արդյոք ինտրիգ այս պրոցեսում, օրինակ, թե ով կգլխավորի ցուցակը։ ՔՊ-ականները պնդում են՝ ինտրիգ չի լինելու, և ամենայն հավանականությամբ հենց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նաև կուսակցության վարչության նախագահը կգլխավորի ցուցակը։

274 հոգին, որոնց թեկնածությունները արդեն հաստատել է վարչությունը, նաև ընտրագրավ են վճարել։ Կուսակցականները՝ կես միլիոն դրամ, ոչ կուսակցականները՝ մեկուկես միլիոն դրամ։ Կուսակցությունից նշել են՝ այս հավաքված գումարը հենց կուսակցական ծախսերին է տրամադրվելու։ Իսկ այս ընտրական պրոցեսը, որ կազմակերպել են, դեռ կշարունակվի առաջիկա երկու օրերին, և հետո արդեն կամփոփվեն արդյունքները։