2025-ին ՌԴ-ում և Ուկրաինայում մոտ 3000 խաղաղ բնակիչ է սպանվել պատերազմի հետևանքով. CIT

2025 թվականն Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո քաղաքացիական բնակչության համար ամենամահացու տարին է եղել. Ռուսաստանում և Ուկրաինայում անցած տարի գրեթե 3000 խաղաղ բնակիչ է զոհվել պատերազմի հետևանքով, ասվում է Conflict Intelligence Team (CIT) անկախ հետաքննող կազմակերպության զեկույցում:

CIT-ի տվյալներով՝ առաջնագծի երկու կողմերում զոհերի (առնվազն 2919 քաղաքացիական անձ) մեջ եղել է 96 երեխա, ևս 17,775 խաղաղ բնակիչ վիրավորվել է (ներառյալ 1000 երեխա): Պատերազմի սկսվելուց ի վեր խաղաղ բնակչության շրջանում զոհերի ընդհանուր թիվը կազմում է 20,694: 2024-ի համեմատ զոհերի թիվն աճել է 12%-ով, իսկ վիրավորներինը՝ ավելի քան 25%-ով:

Զեկույցում նշվում է, որ քաղաքացիական բնակչության շրջանում բոլոր զոհերի և վիրավորների 79%-ը տեղի է ունեցել Ուկրաինայի կողմից վերահսկվող տարածքներում: Այնտեղ CIT-ը 2025-ին գրանցել է 16,300 տուժած (2,348 զոհ և 13,952 վիրավոր): Ուկրաինայի Ռուսաստանի կողմից վերահսկվող տարածքներում գրանցվել է 2,049 տուժած (298 զոհ և 1,751 վիրավոր), իսկ Ռուսաստանում՝ 2,345 (273 զոհ և 2,072 վիրավոր):

Ընդորում, Ուկրաինայի և Ռուսաստանի՝ ռուսական բանակի կողմից վերահսկվող տարածքներում տուժածների ընդհանուր թիվը 2025-ին 2024-ի համեմատ նվազել է 6%-ով, մինչդեռ Կիևի կողմից վերահսկվող տարածքներում, ընդհակառակը, այն աճել է 35%-ով։

2025-ի ամենաարյունալի հարձակումների շարքում CIT-ն առանձնացնում է ռուսական զինուժի հրթիռային հարվածներն ուկրաինական քաղաքների՝ Տերնոպոլի, Սումիի, Կրիվոյ Ռոգի, Կիևի և Դնեպրի վրա։