Հայաստանի կողմից ԱՄՆ միջուկային տեխնոլոգիաների ընտրությունը հարցեր է առաջացնում ՌԴ-ում. Զախարովա

Հայաստանի կողմից ԱՄՆ միջուկային տեխնոլոգիաների ընտրությունը հարցեր է առաջացնում Ռուսաստանում։ Այս մասին այսօր ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Հայաստանն, իհարկե, ազատ է աշխատել այն գործընկերների հետ, որոնց հետ հարկ կհամարի, սակայն ամերիկյան տեխնոլոգիաների օգտին կատարված ընտրությունն իսկապես հարցեր են առաջացնում», - ընդգծել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

Խոսելով Վաշինգտոնի կողմից առաջարկվող փոքր հզորության ԱԷԿ-ների մասին՝ Զախարովան ասել է, որ դրանք գոյություն չունեն ոչ միայն ԱՄՆ տարածքում, «դրանք առհասարակ գոյություն չունեն՝ դրանք միայն թղթի վրա են»։ Նա նաև ընդգծել է, որ Երևանում հայտարարված՝ 9 միլիարդ դոլար արժողությամբ փոքր մոդուլային ռեակտորների կառուցման նախագծի վերաբերյալ որևէ կոնկրետ մանրամասն չի ներկայացվել։

«Ի՞նչ են այդ ռեակտորները իրենցից ներկայացնում և որտե՞ղ են արդեն շահագործվում: Մի շարք հայկական լրատվական միջոցներ շտապեցին լուրը մատուցել որպես Վաշինգտոնի կողմից հանրապետության տնտեսության մեջ կատարվող աննախադեպ ներդրում: Սակայն առանցքայինը նախագծի ֆինանսական հարցն է: Ռուսական կողմի տեղեկություններով՝ խոսքը ոչ թե ԱՄՆ-ի ուղղակի ներդրումների, այլ մի սխեմայի մասին է, որի դեպքում վճարելու է հայկական կողմը: Ենթադրվում էր, որ ֆինանսավորումն իրականացվելու է TRIPP հիմնադրամի միջոցով, որը, ինչպես նախկինում հայտարարվել էր, ստեղծվում է ենթակառուցվածքային նախագծերի իրականացման համար, սակայն այս պահին այդ հիմնադրամը դեռևս ստեղծված չէ»,- լրագրողի հարցին պատասխանել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

Մարիա Զախարովան նաև հիշեցրել է, որ Ռուսաստանը տասնամյակներ շարունակ եղել է Հայաստանի հուսալի գործընկերը ատոմային արդյունաբերության ոլորտում։

«Կներեք, այսպիսի հարցերի ու թեմաների հետ չեն կատակում։ Սրանք այնպիսի հարցեր չեն, որոնք այսօր կարելի է հնչեցնել, վաղը՝ գումար հավաքել, մյուս օրը՝ ինչ-որ հիմք գցել, հետո՝ թողնել բախտի քմահաճույքին, ինչպես դա արեցին Ամերիկայում 2024-ին։ Սա էներգետիկ անվտանգության հարց է», - ասել է Զախարովան՝ ընդգծելով, թե Ռուսաստանն աշխարհում միակ պետությունն է, որն օգտագործում է փոքր հզորության ԱԷԿ-ներ և գործընկերներին փորձարկված լուծումներ է առաջարկել բոլոր տիրույթներում։

Ռուսաստանի արտաքին գերատեսչության խոսնակը նաև շեշտել է, որ այս հարցը վերաբերում է ընդհանուր տարածաշրջանին ու չի կարելի «ուղղակի գիծ քաշել ու ասել, թե այն երբեք չի առնչվի ողջ տարածաշրջանի շահերին»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու փոխնախագահ Ջեյ Դի Վենսը փետրվարի 9-ին խաղաղ միջուկային համագործակցության շուրջ բանակցություններն ավարտելու մասին հայտարարություն ստորագրեցին:

Մինչ Վենսի այցը հայկական կողմը չէր հստակեցնում, թե որ երկրի տեխնոլոգիայով է նոր ատոմակայան կառուցելու: Ջեյ Դի Վենսը բավականին ուղիղ հայտարարեց՝ ամերիկյան տեխնոլոգիաները՝ փոքր մոդուլային ռեակտորները Հայաստան կհասնեն:

Չնայած ռուսական կողմի հետ քննարկումներին, անցած տարվանից Հայաստանի իշխանությունները սկսել էին խոսել ամերիկյան՝ փոքր մոդուլային տիպի ատոմային էլեկտրակայանների հնարավորություններին ծանոթանալու մասին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ե՞րբ Հայաստան կհասնեն ամերիկյան տեխնոլոգիաները՝ մոդուլային ռեակտորները Գալուզին. Մոսկվան մտադիր է մնալ Հայաստանի էներգետիկ անվտանգության երաշխավորը