Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին պաշտպանել է Ձմեռային օլիմպիական խաղերի մարզիկի իրավունքը՝ կրել սաղավարտ, որի վրա պատկերված են Ռուսաստանի հետ պատերազմի ընթացքում զոհված մարզիկները։
Սկելետոն մարզաձևի ներկայացուցիչ 27-ամյա Վլադիսլավ Հերասկևիչը սոցիալական ցանցերում գրել էր, որ Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) արգելել է կրել այդ սաղավարտը խաղերի ժամանակ։
ՄՕԿ-ը դեռ հրապարակայնորեն չի հաստատել այդ տեղեկությունը։
Հերասկևիչը, որ Ձմեռային օլիմպիադայում Ուկրաինայի դրոշակակիրն էր, հայտնել է նաև, որ պաշտոնական դիմում է ներկայացնելու ՄՕԿ-ին՝ սաղավարտը օգտագործելու համար։
«Այս մարդիկ կորցրել են իրենց կյանքը․ նրանք սպանվել են։ Եվ նրանք մարզիկներ են՝ ուկրաինացի մարզիկներ։ Նրանցից ոմանք երեխաներ էին, որոնք այլևս երբեք չեն կարողանա մրցել և սպանվել են հրետակոծությունների ժամանակ՝ տարբեր քաղաքներում։ Նրանցից ոմանք նաև այս օլիմպիական ընտանիքի մասն էին», - ասել է ուկրաինացի մարզիկը։
Ուկրաինայի նախագահ Զելենսկին իր հերթին X հարթակում շնորհակալություն է հայտնել սպորտսմենին՝ «Ձմեռային օլիմպիական խաղերում Ուկրաինայի պայքարի գնի մասին աշխարհին հիշեցնելու համար»։
«Այս ճշմարտությունը չի կարող անհարմար, անտեղի լինել կամ անվանվել քաղաքական ցուցադրություն մարզական միջոցառման ժամանակ։ Դա հիշեցում է ողջ աշխարհին այն մասին, թե ինչ է ժամանակակից Ռուսաստանը», - ավելացրել է Ուկրաինայի նախագահը։
Օլիմպիական կանոնադրության 50-րդ հոդվածի համաձայն՝ 2021 թվականից մեդալների հանձնման հարթակում քաղաքական բնույթի ժեստերն արգելված են, սակայն մարզիկներին թույլատրվում է արտահայտել իրենց տեսակետները մամուլի ասուլիսների և սոցիալական ցանցերի միջոցով։
Ուկրաինայի սպորտի նախարար Մատվեյ Բիդնին այս ամիս AFP-ին հայտնել էր, որ վերջին տվյալներով Ռուսաստանը սպանել է «ավելի քան 650 մարզիկների և մարզիչների»։
Սոցիալական ցանցերում տարածված տարբեր տեսանյութերում Հերասկևիչը նշել է, որ պատկերները ներկայացնում են Ռուսաստանի լայնածավալ ներխուժումից հետո սպանված մարզիկների միայն մի մասը, որոնց թվում կան օլիմպիականներ, այդ թվում՝ իր նախկին թիմակիցը՝ գեղասահորդ Դմիտրո Շարպարը։