Գալուզին. Մոսկվան մտադիր է մնալ Հայաստանի էներգետիկ անվտանգության երաշխավորը

Ատոմակայան կառուցելը կարևոր տեղ է զբաղեցնում Մոսկվա-Երևան հարաբերությունների օրակարգում և պարբերաբար քննարկվում է տարբեր մակարդակներում, «Իզվեստիա»-ին ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

«Ռոսատոմ»-ը պատրաստ է հնարավորինս շուտ սկսել նախագծի իրականացումը՝ բնականաբար հաշվի առնելով մեր հայ ընկերների ցանկությունները», - ընդգծել է Գալուզինը։

Ռուս բարձրաստիճան դիվանագետը նաև համոզմունք է հայտնել, թե Հայաստանի համար ռուսական ատոմային նախագծերին «այլընտրանք չի դիտվում՝ հուսալի, արդեն ստուգված տեխնոլոգիաների, ինչպես նաև ֆինանսական պարամետրերի գրավչության տեսանկյունից, հաշվի առնելով շինարարությունը, հետագա շահագործումը, մասնագետների պատրաստման ու վերապատրաստման անհրաժեշտությունը»:

Մոսկվան մտադիր է հետագայում ևս հանդես գալ որպես Հայաստանի էներգետիկ անվտանգության երաշխավոր, պնդել է ՌԴ ԱԳ փոխնախարարը:

Ռուսական կողմի առաջարկը հետևում է երեկ ԱՄՆ փոխնախագահի հայտարարությանը, թե ԱՄՆ-ը և Հայաստանը ավարտել են քաղաքացիական միջուկային համագործակցության 1-2-3 համաձայնագրի շուրջ բանակցությունները։

«Երբ այն ամբողջությամբ հաստատվի, դա կհարթի ճանապարհն ամերիկյան և հայկական ընկերությունների համար՝ կնքելու քաղաքացիական միջուկային նախագծերի վերաբերյալ համաձայնագրեր։ Դա նշանակում է մինչև 5 միլիարդ դոլար սկզբնական ամերիկյան արտահանում, գումարած լրացուցիչ 4 միլիարդ դոլարի երկարաժամկետ աջակցություն վառելիքի և սպասարկման պայմանագրերի միջոցով», - նշել է Վենսը։

ԱՄՆ փոխնախագահն ընդգծել է, որ սա փոխշահավետ գործարք է թե՛ Հայաստանի, թե՛ Ամերիկայի Միացյալ Նահանգների համար։

«Սա նշանակում է ավելի ուժեղ էներգետիկ անվտանգություն իմ երկրի համար, և ես նաև կարծում եմ, որ դա նշանակում է ավելի ուժեղ էներգետիկ անվտանգություն Հայաստանի համար, և դա նաև կստեղծի բազմաթիվ նոր աշխատատեղեր ԱՄՆ-ում։ Սա նշանակում է փոքր մոդուլային ռեակտորներ, ամերիկյան տեխնոլոգիաները կգան այս երկիր։ Կրկին, սա այն քիչ երկրներից մեկն է, որտեղ մենք բավականաչափ վստահություն ունենք այս մակարդակում ներդրումներ կատարելու, այս տեսակի տեխնոլոգիաներ ուղարկելու հարցում, և սա տեղի է ունենում վարչապետի ղեկավարության շնորհիվ»։

Ավելի վաղ տարածքային կառավարման նախարար Դավիթ Խուդաթյանը հայտարարել էր, որ կկառուցվի փոքր մոդուլային ատոմակայան: Կառավարությունն արդեն նոր ընկերություն է ստեղծել՝ Ատոմային նոր էներգաբլոկի կառուցման համար: Հայկական կողմը դեռ չի բացահայտում՝ որ երկրի ծրագրին է ի վերջո նախապատվությունը տալու:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Հայաստանում փոքր մոդուլային ատոմակայան կկառուցվի. մասնագետները ռիսկային են համարում, կառավարությունից հակադարձում են Ռուսակա՞ն, թե՞ արևմտյան ատոմակայան. Հայաստանը դեռ քննարկում է