Կոբախիձեն հայտարարում է՝ թեկուզ ԵՄ-ին միանալը մնում է Վրաստանի նպատակը, դեմ չեն այդ թեմայով բանավեճին

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարում է, որ Եվրամիությանը միանալը մնում է Վրաստանի նպատակը, դեմ չէ «Միացյալ չեզոք Վրաստան» կուսակցության՝ եվրաինտեգրման հետ կապված հարցերի շուրջ առաջարկված բանավեճին։

«Խոսքը այն մասին չէ՝ արդյոք մենք պետք է վերանայենք մեր սահմանադրական նպատակը»,- ասել է Կոբախիձեն՝ հավելելով, որ ամեն ինչ ունի դրական և բացասական կողմեր, և այս թեման կարելի է քննարկել կառուցողական ձևով՝ ուսումնասիրելով եվրոպական ինտեգրման առավելություններն և թերությունները։

«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ այսօր ավելի վաղ «Միացյալ չեզոք Վրաստան» կուսակցությունը հայտարարություն էր տարածել, որում Վրաստանի ինտեգրումը Եվրամիությանն անվանել էր երկրի համար վնասակար, այլ ոչ թե օգտակար։ Կուսակցությունը պահանջել էր քննարկումներ կառավարության պաշտոնյաների հետ, քանի որ կարծում է, թե հասարակության մեջ այս հարցն առավել հրատապ է դարձել։

«Երկրում այժմ ավելի հրատապ խնդիր չկա, և մինչև մենք չազատվենք Վրաստանի համար արդեն սպառնալիք դարձած եվրոպական ինտեգրման պատրանքից, երկիրը չի կարողանա հանգստանալ։ Մենք պատրաստ ենք կառավարության հետ անմիջական բանավեճերում ցույց տալ այն ծայրահեղ վնասը, որը ներկայիս արտաքին քաղաքականությունը հասցնում է մեր երկրին», - ասվում է կուսակցության հայտարարության մեջ։