Շարժվում ենք Հայաստանը ԵՄ ավիացիոն «սև ցուցակից» դուրս գալու հարցը կարգավորելու ուղղությամբ, հայտարարեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը:
«Ազատության» հարցին՝ «արդյոք մեզ ևս 5 տարի՞ է անհրաժեշտ, որպեսզի դուրս գանք ԵՄ «սև ցուցակից», նախարարը պատասխանեց. «Ոչ, մեզ ևս հինգ տարի անհրաժեշտ չէ, չնայած այն երկրները, որոնք հայտնվել են սև ցուցակում վերջին տարիների ընթացքում, այդ երկրներից շատերին, այո, 10 տարի է պետք եղել «սև ցուցակից» դուրս գալու համար, բայց մեզ 10 տարի պետք չի լինելու դրա մասով»։
Թե ինչքա՞ն ժամանակում դուրս կգա Հայաստանը ԵՄ ավիացիոն «սև ցուցակից, Խուդաթյանն ասաց՝ «տեմպերը բավական արագ են, բայց կանխատեսում անել չեմ կարող»:
Նա հայտնեց, որ 2025 թվականի սեպտեմբերին նոր աուդիտ է եղել, որի ընթացքում արձանագրվել են նոր թերություններ: Դրանց 60 տոկոսն, ըստ նրա, արդեն շտկված են:
Թե ի՞նչ թերությունների մասին է խոսքը, Խուդաթյանը պատասխանեց. «Տարբեր բնույթի թերություններ են, տեխնիկական, օրենսդրական որոշակի փոփոխություններ, կառուցվածքային որոշակի փոփոխություններ անելու անհրաժեշտություն»:
Հարցին էլ՝ 2025 թվականի սեպտեմբերին ԵՄ ավիացիոն անվտանգության գործակալության ներկայացուցիչներն են եկե՞լ Հայաստան, նախարարն արձագանքեց. «Այն կառույցի ներկայացուցիչները, որոնք աուդիտ են իրականացնում, այո»։
«Հայաստանի ավիացիան զարգանում է և վերջին տարվա ընթացքում շատ ավելի լայն թափով է զարգանում, դա ցույց են տալիս նաև 10 նոր ուղղություններով մեկնարկող և առաջիկայում մեկնարկելիք չվերթները: Եվրոպական ուղղություններով այլ ավիափոխադրողներ են, հայկական ավիափոխադրողների թռիչքների ինտենսիվությունն էլ ավելանում է դեպի այն ուղղություններով, որտեղ եվրոպական «սև ցուցակում» գտնվելու հանգամանքը էական ազդեցություն չունի», - նշեց Խուդաթյանը։
2019 թվականին Եվրամիության Ավիացիոն անվտանգության գործակալության մասնագետները Հայաստանի քաղավիացիայի կոմիտեում, այդ թվում՝ թռիչքային անվտագությանն առնչվող գրեթե չորս տասնյակ խնդիրներ էին հայտնաբերել ու ուժեղացված վերահսկողություն սահմանել կոմիտեի նկատմամբ։ Ամիսներ անց արդեն՝ 2020-ին հայաստանյան ավիաընկերությունները ներառվեցին գործակալության ավիացիոն «սև ցուցակում»։ Եվրոպացի մասնագետներն արձանագրել էին՝ Հայաստանի քաղավիացիայի կոմիտեն չի համապատասխանում միջազգային անգամ նվազագույն չափորոշիչներին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանը ԵՄ ավիացիոն «սև ցուցակում» է տեխնիկական, ոչ թե քաղաքական պատճառով. Մարթա Կոս