Արշակ արքեպիսկոպոսի կալանքը երկարաձգվեց երկու ամսով

Դատարանը երկարաձգեց Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի կալանքը երկու ամսով: Տեսակցությունները սահմանափակվել են, փաստաբան Արսեն Բաբայանի փոխանցմամբ, Արշակ արքեպիսկոպոսին միայն քրոջ երեխաները կկարողանան այցելել:

Փաստաբանը որոշման հիմնավորումները դեռ չի ստացել:

«Սրանով շարունակվում են եկեղեցու դեմ ճնշումները, Արշակի սրբազանի դեմ սկսված ճնշումները», - ասաց Բաբայանը:

Անդրադառնալով Արշակ սրբազանի գործով իրեղեն ապացույցի՝ մարիխուանայի գլանակի անհետացման մասին «Ազատության» հարցին՝ փաստաբան Արսեն Բաբայանը պատասխանեց. «Քննիչը կատեգորիկ հերքեց, ասաց՝ «նման բան չկա, ոչ մի ապացույց չի կորել է», ասում է՝ «տեղում է»:

Հարցին՝ չե՞ն ուզում տեսնել գլանակն իսկապես տեղում է, թե՞ ոչ, Բաբայանն արձագանքեց, որ այս պահին չեն կարող, քննության ժամանակ կկարողանա տեսնել:

Իշխանություն-եկեղեցի սուր հակասությունների ֆոնին իրավապահները նոր թափ հաղորդեցին 7 տարվա վաղեմության մի հաղորդման, որի արդյունքում Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը հայտնվեց ճաղերի հետևում:

Իրավապահները պնդում են 2018-ին կաթողիկոսի հեռացումը պահանջող «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժման մասնակիցներից մեկին վարկաբեկելու նպատակով Գարեգին Երկրորդի մերձավոր շրջապատի բարձրաստիճան հոգևորականը հրահանգել էր ակցիայի մասնակիցներից մեկի պայուսակում թմրամիջոց գցել:

Դեկտեմբերից կալանավորված Մայր Աթոռի դիվանապետը հերքում է իրեն վերագրվող մեղադրանքը: