Ռուսական զորքերը անցած գիշեր լայնածավալ հարված են հասցրել Ուկրաինային։ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնել է, որ Կիևում երեք մարդ վիրավորվել է։
Քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի խոսքով՝ անօդաչու թռչող սարքը հարվածել է Դարնիցկիի շրջանում գտնվող ոչ բնակելի շենքին։ Մեկ այլ հասցեում ԱԹՍ բեկորների ընկելու հետևանքով հրդեհ է բռնկվել 26 հարկանի բնակելի շենքի տանիքում։
Սումիի շրջանը ևս ենթարկվել է հարձակման: Ուկրաինայի Ազգային ոստիկանության տվյալներով՝ հարձակումների հետևանքով վիրավորվել է չորս մարդ:
Դնեպրովսկի շրջանում անօդաչու թռչող սարքի բեկորները ընկել են մի քանի բնակելի շենքերի վրա։ ԱԹՍ-ի բեկորներն ընկել են նաև մանկապարտեզի և բաց տարածքի վրա։
Խարկովը մի քանի ժամ շարունակ ենթարկվել է հրետակոծության, ըստ քաղաքապետ Իգոր Տերեխովի, հարվածները «ուղղված էին էներգետիկ ենթակառուցվածքներին»։
«Սա դժվար գիշեր և դժվար առավոտ է Խարկովի համար։ Բայց բոլոր ծառայությունները գործում են, և որոշումները կայացվում են արագ և պատասխանատու կերպով։ Մենք հետևում ենք իրավիճակին և կանենք հնարավոր ամեն ինչ», - նշել է քաղաքապետը։