Կիրակի Լոս Անջելեսում տեղի է ունեցել «Գրեմմի» երաժշտական մրցանակաբաշխության 68-րդ արարողությունը։
Տարվա լավագույն ալբոմ է ճանաչվել պուերտոռիկացի ռեփեր Bad Bunny-ի Debí Tirar Más Fotos ալբոմը։ Լավագույն ձայնագրության անվանակարգում հաղթել է Կենդրիկ Լամարի և SZA-ի համատեղ Luther ստեղծագործությունը։ Կենդրիկ Լամարը հաղթել է նաև լավագույն ռեփ ալբոմի անվանակարգում։
Լավագույն վոկալ փոփ ալբոմ է ճանաչվել Լեդի Գագայի MAYHEM ալբոմը, իսկ տարվա երգ՝ Բիլլի Այլիշի Wildflower-ը։ Միջոցառման ընթացքում կյանքի նվաճումների համար հատուկ մրցանակը շնորհվել է լեգենդար ամերիկացի երգչուհի, հայկական արմատներ ունեցող Շերին։
Այս տարվա մրցանակաբաշխությունն աչքի է ընկել նաև քաղաքական շեշտադրումներով։ Մի շարք մրցանակակիրներ և հյուրեր քննադատել են ԱՄՆ ներգաղթային ոստիկանության գործողությունները՝ նշելով, որ վերջին շաբաթներին դրանց հետևանքով երկու ցուցարար է զոհվել։
«Գրեմմին» ԱՄՆ Ձայնագրող ակադեմիայի երաժշտական մրցանակն է, որը հիմնադրվել է 1959 թվականին։