Չեխիայում տասնյակ հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ՝ ի պաշտպանություն երկրի նախագահի

A demonstration in support of Czech President called "We stand for our President" in Prague

Կիրակի օրը Չեխիայի մայրաքաղաք Պրահայում և երկրի մի շարք այլ քաղաքներում տասնյակ հազարավոր մարդիկ մասնակցել են բողոքի ակցիաների՝ ի աջակցություն երկրի նախագահ Պետր Պավելին։

Կազմակերպիչների գնահատմամբ՝ բողոքի ակցիաներին մասնակցել է շուրջ 80–90 հազար մարդ։

Բողոքի պատճառը Չեխիայի նախագահի և նոր ձևավորված կառավարության միջև սրվող հակամարտությունն է։ Վեճը սկսվել է այն բանից հետո, երբ նախագահ Պավելը հրաժարվել է շրջակա միջավայրի նախարար նշանակել «Ավտոմոբիլիստներ՝ իրենց համար» կուսակցության պատվավոր նախագահ Ֆիլիպ Տուրեկին։ Նախագահի խոսքով՝ Տուրեկի նախկին հայտարարությունները անհամատեղելի են ժողովրդավարական երկրում նախարարի պաշտոնի հետ։

Պավելը նաև հայտարարել է, որ արտաքին գործերի նախարար Պետր Մացինկան փորձել է ճնշում գործադրել իր վրա այդ նշանակման հարցում։

ՆԱՏՕ-ի նախկին գեներալ, 64-ամյա Պետր Պավելը Չեխիայի նախագահն է 2023 թվականի մարտից։ Սկանդալի ֆոնին ընդդիմությունը երեքշաբթի օրը մտադիր է խորհրդարանում նախաձեռնել կառավարությանն անվստահության քվեարկություն՝ նրան մեղադրելով նախագահի վրա ճնշում գործադրելու մեջ։