Վրաստանի իշխող կուսակցությունը առաջարկել է լրացումներ կատարել «Դրամաշնոհների մասին» օրենքում։
«Վրացական երազանքի» կողմից առաջարկվող փոփոխությունների համաձայն կառավարությունը արտերկրից տրամադրվող դրամաշնորհների վերահսկման հավելյալ լիազորություններ է ստանալու։ Մասնավորաբար, իրավաբանական անձը արտերկրից կարող է դրամաշնորհ ստանալ միայն կառավարության նախնական համաձայնության դեպքում։
«Մեզ բացահայտ կերպով ասում են, որ փորձում են իրենց գործակալական ցանցի ֆինանսավորման տարբերակներ գտնել։ Նման իրավիճակում իրեն հարգող պետությունը պարտավոր է այնպիսի օրենսդրական բազա ստեղծել, որը կպաշտպանի քաղաքացիներին բացահայտ սպառնալիքներից», - հայտարարել է խորհրդարանական մեծամասնության ղեկավար Իրակլի Կիրցխալիան։