Փաշինյանը այցելել է «Եռաբլուր»՝ Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրվա առիթով

Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրվա առիթով «Եռաբլուր» են այցելել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության անդամներն ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաները:

Լրագրողների մուտքը դեպի զինվորական պանթեոն արգելված էր:

Ընդդիմադիր երկու խմբակցությունները՝ «Պատիվ ունեմն» ու «Հայաստանը» այսօր «Եռաբլուր» չեն այցելելու, խմբակցության ներկայացուցիչները փոխանցեցին՝ զինվորական պանթեոն կայցելեն վաղը՝ Բանակի օրվա առիթով:

Անցած շաբաթ հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր սահմանելու մասին օրենքի նախագիծն ընդունվեց՝ 69 կողմ և 15 դեմ ձայների հարաբերակցությամբ: Ընդդիմությունը դեմ էր այս նախագծին:

Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրվա առիթով հղած ուղերձում Փաշինյանը նշել է. «Հանուն հայրենիքի զոհվածների հիշատակը եւ նրանց առաջ խոնարհվելը մեր պարտքն է, սա է պատճառը, որ հիշատակի պետական օր է սահմանվել։ Բայց այս օրից այնկողմ մեր պատասխանատվությունը չի նվազում, այլ ընդհակառակը՝ ավելանում է պատասխանատվությունն այն բանի համար, որ մեր նահատակների զոհողություններն իզուր չլինեն»։

«Զարգացած, ուժեղ, անվտանգ, բարեկեցիկ ու երջանիկ Հայաստանի Հանրապետությունն է մեր նահատակների հիշատակն ամենածանրակշիռ կերպով հավերժացնող եւ նրանց հետնորդներին ապրեցնող ամենատեսանելի հուշարձանը։ Եվ մենք այսօր կենտրոնացած ենք հենց այս խնդրի վրա․ Հայաստանի Հանրապետության հարատեւությունը, մեր պետականության ու նրա ինստիտուտների ուժեղացումը, պետությունը քաղաքացիների անվտանգության ու բարեկեցության աշխատող գործիք դարձնելը, մեր երկրի անկախությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու սահմանների անձեռնմխելիությունն ամրացնելը, երկրային բանակի շարունակական զարգացումն է այն անելիքը, որը մեզ հնարավորություն կտա նայել դեպի երկինք՝ մեր երկնային բանակին եւ ժպիտ ստանալ ի պատասխան»,- նշել է Փաշինյանը։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հունվարի 27 -ը՝ ոչ աշխատանքային օր. ՀՀ նախագահը ստորագրել է օրենքը