Հարկ չկա փորձել ձախողել Եպիսկոպոսաց ժողովի գումարումը արտերկրում, երբ ակնհայտ են եկեղեցականության հանդեպ Հայաստանում տարատեսակ բռնաճնշումները, հայտարարում է Մայր Աթոռը՝ արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին միացած եպիսկոպոսների հայտարարությանը:
Նախօրեին նրանք հայտարարել են, որ չեն մասնակցելու Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում Եպիսկոպոսաց ժողովին և կոչ արել, որ չեղարկեն այդ որոշումը: Կառավարության ղեկավարի հետ խորհուրդ ձևավորած տասը հոգևորականները համարում են, որ եկեղեցու Գերագույն հոգևոր խորհուրդը անվավեր կառույց է: Այս կողմի համար նաև անհասկանալի է, թե ինչո՞ւ են ժողովը հրավիրել երկրից դուրս: Մայր Աթոռից արդեն հայտարարել են՝ այդպես են որոշել եկեղեցու դեմ սանձազերծած արշավն ու եկեղեցականների նկատմամբ հնարավոր ճնշումները հաշվի առնելով:
«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խորապես ցավում է հակաեկեղեցական արշավին ու դրանում ներգրավված կարգալույծներին համախորհուրդ տաս եպիսկոպոսների որդեգրած պառակտիչ ընթացքի համար։ Իրականությունն այն է, որ Հայաստանի վարչապետի նախաձեռնած շարժմանը հարող եպիսկոպոսներին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ուղղված հորդորներն ու հրավերները ցայսօր մնացել են անպատասխան և անտեսվել են կանոնական դաշտ վերադառնալու, խնդիրները եկեղեցական ատյաններում քննելու առաջարկները։ Միևնույն ժամանակ թե՛ անցյալում, թե՛ առավել ևս այսօր հիշյալ եպիսկոպոսների կողմից որևէ կերպ չեն մատնանշվել իրատեսական ճանապարհները Եկեղեցու և իշխանությունների միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, ընդհակառակը՝ ակնհայտ ազդեցության ներքո շարունակ փորձեր են կատարում խնդիրները հանգուցալուծելու ոչ կանոնական դատապարտելի ուղիներով», - ասված է հայտարարությունում։
Մայր Աթոռն անընդունելի է համարում կասկածի տակ դնել եկեղեցական մարմինների իրավազորությունը, «որոնց աշխատանքներին տասնամյակներ շարունակ հիշյալ եպիսկոպոսներից շատերը իրենց մասնակցությունն են բերել, որոշումներ ընդունել և պատասխանատվություն ստանձնել Եկեղեցու գործունեության հետ առնչված»։
«Իշխանությունների հակասահմանադրական քայլերի հետևանքով ստեղծված մտահոգիչ իրավիճակի հաղթահարման ճանապարհներից է նաև հրավիրյալ Եպիսկոպոսաց ժողովը, որի կանոնականությունը որևէ կերպ չի պայմանավորվում գումարման վայրով։ Եկեղեցական կյանքը հուզող կարևորագույն հարցերը, այդ թվում՝ բարձրաձայնվող խնդիրները, պետք է քննության առնվեն և պատշաճ լուծումներ գտնեն Եկեղեցու ընկալյալ կարգի համաձայն, բացառապես եկեղեցական ժողովական մարմիններում», - հայտարարում է Մայր Աթեռը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կաթողիկոսի հրավերով Եպիսկոպոսաց ժողովը տեղի կունենա Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում