Կապանի օդանավակայանը կարող է շահագործվել որպես միջազգային օդանավակայան

Կառավարությունն այսօր հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և «Կորպորասիոն Ամերիկա Ս. Ա.»-ի միջև ստորագրված կոնցեսիոն պայմանագրում փոփոխություններին»:

Փոխվարչապետն Մհեր Գրիգորյանն այսօր կառավարության նիստում հարցրեց՝ Կապանի օդանավակայանը կարո՞ղ է շահագործվել որպես միջազգային օդանավակայան. «Այսինքն՝ մենք ունենալու ենք երկրորդ միջազգային օդանավակայանը Հայաստանում»:

Փոխվարչապետի հարցին ՏԿԵ փոխնախարար Արմեն Սիմոնյանը պատասխանեց. «Նման իրավական հիմք է ստեղծվում, որովհետև գործող կոնցեսիոն պայմանագրով կա որոշակի սահմանափակում, որ «Զվարթնոց» օդանավակայանից 250 կմ շառավղով հեռավորության վրա, եթե կառավարությունը որոշում է որևէ օդանավակայան փոխակերպել քաղաքացիական, տեղական կամ միջազգային օդանավակայանի, ապա գործող կոնցեսիոներն ունի առավելություն՝ կառավարումը ստանձնելու։ Սակայն այս պարագայում Կապանի «Սյունիք» օդանավակայանը այս լրացմամբ դուրս է գալիս այդ կարգավորումից»։

«Միջազգային օդանավակայան դարձնելու համար Սունիքի օդանավակայանը պետք է համապատասխան սարքավորումներ ու համապատասխան ներդրումներ իրականացվեն, որպեսզի սահմանային, մաքսային ու այլ գործառույթներ ապահովող հնարավորություններ ստեղծվեն այնտեղ», - ասաց նա:

2023 թվականի օգոստոսին վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Սյունիքի մարզ` Երևան-Կապան ավիաչվերթով, որից հետո հայտարարվեց, որ կլինեն կանոնավոր չվերթներ:

Կապանի օդանավակայանը ադրբեջանական դիրքերից մոտ 100- 200 մետր հեռավորության վրա է գտնվում։