Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Շվեյցարիա։
Վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ՝ Փաշինյանը Դավոսում՝ Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերով որպես հիմնադիր անդամ կմասնակցի «Խաղաղության խորհրդի» կանոնադրության ստորագրման հանդիսավոր արարողությանը:
Այլ մանրամասներ հաղորդագրությունում չեն նշվում:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ևս մեկնել է Դավոս: Ավելի վաղ Ալիևը հայտնել էր, որ ընդունում է ԱՄՆ նախագահի առաջարկը՝ միանալ Խաղաղության խորհրդին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ նախագահի առաջարկը՝ միանալ Խաղաղության խորհրդինNew York Times-ը, որ ծանոթացել էր խորհրդի կանոնանդրությանը, գրել էր՝ Թրամփը հրավիրում է երկրներին միանալ երեք տարվա ժամկետից ավելի, եթե նրանք պատրաստ են առաջին տարում վճարել ավելի քան մեկ միլիարդ դոլար։
Խորհուրդը սկզբնապես նախատեսված էր Գազայի վերակառուցումը վերահսկելու համար, սակայն դրա կանոնադրությունում չի հիշատակվում պաղեստինյան անկլավը, ինչը ենթադրում է հնարավոր ավելի լայն մանդատ։ Ըստ New York Times-ի՝ խորհրդի կանոնադրությունը հրավերների հետ միասին ուղարկվել է հավանական անդամներին շաբաթավերջին:
Ավելի վաղ Սպիտակ տունը հրապարակել է Գազայի հատվածի համար «Խաղաղության խորհրդի» կազմը, որում ընդգրկվել են ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիֆ Ուիթքոֆը, Թրամփի փեսա Ջարեդ Քուշները, Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլեյրը, ամերիկացի գործարար Մարկ Ռոուենը, Համաշխարհային բանկի ղեկավար Աջայ Բանգան և ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Գաբրիելը: Գազայի հատվածի կառավարման ազգային կոմիտեն կգլխավորի Ալի Շաաթը, ով ավելի վաղ բարձր պաշտոններ է զբաղեցրել Պաղեստինի ազգային վարչակազմում, իսկ կապող օղակը «Խաղաղության խորհրդի» և Գազայի հատվածի կառավարման ազգային կոմիտեի միջև կլինի բուլղարացի դիվանագետ Նիկոլայ Մլադենովը: