Կբարձրացվի նաև Սահմանադրական դատարանի դատավորների աշխատավարձը

Կառավարությունը մտադիր է բարձրացնել Սահմանադրական դատարանի դատավորների աշխատավարձը. օրենքի նախագծերը ներառված են վաղվա նիստի օրակարգում։

Արդարադատության նախարարությունն առաջարկում է, որ աշխատանքային ստաժի համար պաշտոնավարման երկրորդ տարում բարձրագույն դատարանի դատավորը 20 տոկոսի չափով հավելավճար ստանա, երրորդ տարում՝ 35 տոկոսի չափով, իսկ չորրորդ տարվանից սկսած՝ յուրաքանչյուր տարի՝ ևս 10 տոկոս ավելի։

Այլ կերպ ասած, եթե, օրինակ, ՍԴ նախագահ Արման Դիլանյանը պաշտոնը ստանձնել է 2020-ին՝ 1.3 մլն դրամ աշխատավարձով, ապա պաշտոնավարման մեկնարկից 6 տարի անց՝ այսինքն այս տարի վարձատրությունը կաճի 65 տոկոսով ու կկազմի առնվազն 2.2 միլիոն դրամ։ Հաջորդող տարիներին էլ այն կավելանա ևս 10 տոկոսով։ Եթե դատավորը պաշտոնը ստանձնել է ավելի ուշ՝ օրինակ 2024-ին, նրա աշխատավարձը այս տարի կաճի 20 տոկոսով, իսկ մյուսին՝ 35 տոկոսով։

Ըստ կառավարության հիմնավորման՝ ՍԴ յոթ դատավորների, նախագահի ու փոխնախագահի վարձատրությունն ավելացնելու համար այս տարվա բյուջեից կծախսվի մոտ 46.8 մլն դրամ՝ մոտ 123 հազար դոլար։ Արդարադատության նախարարությունը աշխատավարձի այսպիսի աճը հիմնավորել է «սահմանադրական արդարադատություն իրականացնող մարմնի լիարժեք անկախության, դատավորների նկատմամբ արտաքին ազդեցությունների նվազեցման նպատակներով ու Սահմանադրական դատարանի ինստիտուցիոնալ կայունության ապահովմամբ»։