ԱՄՆ և Ռուսաստանի բանագնացները «դրական» են գնահատել Դավոսում հանդիպումը

Միացյալ Նահանգների և Ռուսաստանի նախագահների հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆն ու Կիրիլ Դմիտրիևը «շատ դրական» և «կառուցողական» են գնահատել Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու հնարավոր համաձայնագրի շուրջ Դավոսում երեկվա հանդիպումը: Սակայն ԱՄՆ կողմից հետպատերազմական Ուկրաինային անվտանգության երաշխիքների և Ուկրաինայի տնտեսական զարգացման շուրջ համաձայնություն դեռ չկա:

«Երկխոսությունը կառուցողական է, և ավելի ու ավելի շատ մարդիկ են հասկանում Ռուսաստանի դիրքորոշման արդարացիությունը»,- մոտ երկու ժամ տևած հանդիպման մասին ասել է Պուտինի բանագնաց Դմիտրիևը։

«Մենք շատ դրական հանդիպում ունեցանք»,- ռուսական «ՌԻԱ» գործակալությանն իր հերթին ասել է Ուիթքոֆը:

Ուկրաինական կողմը երեկ հանդիպել է Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի ազգային անվտանգության խորհրդականների հետ և համաձայնեցրել Ուկրաինային տրամադրվելիք անվտանգության երաշխիքների և հետագա դիվանագիտական աշխատանքի շուրջ մոտեցումները։

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Կիրիլո Բուդանովն ասել է, որ իրենք առաջ են շարժվում։

«Չեմ կարող ասել, որ վաղը անպայման խաղաղություն կունենանք. եթե որևէ մեկը նման բան է խոստանում, դա ճիշտ չէ։ Բայց մենք հսկայական ջանքեր ենք գործադրում դրան հասնելու համար»,- հայտարարել է նա։