Արտաքին հետախուզության ծառայությունն իր տարեկան զեկույցում պնդում է, որ «Վաշինգտոնում 2025 թվականի օգոստոսի 8-ին ձեռք բերված համաձայնության արդյունքներով 2026-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական էսկալացիան դարձել է գրեթե անհավանական»։
Միաժամանակ վարչապետին ենթակա մարմինը արձանագրում է, որ Ադրբեջանի կողմից առաջ մղվող այսպես կոչված «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի» խոսույթն ու գործողություններն առաջացնում են ռիսկեր և բացասաբար են ազդում խաղաղության կառուցման վրա:
Ծառայության տվյալները վկայում են, որ Ադրբեջանը Վաշինգտոնյան հռչակագրից հետո ոչ միայն չի նվազեցրել, այլև էականորեն ակտիվացրել է քարոզչությունն այս ուղղությամբ, ինչն ըստ զեկույցի, զգալի ռիսկեր է ստեղծում երկարաժամկետ խաղաղության համար։ Իբրև ապացույց Արտաքին հետախուզության ծառայությունը ներկայացրել է այսպես կոչված «արևմտյան Ադրբեջանի» թեմայով ադրբեջանական մամուլում տեղ գտած հրապարակումները, որոնք նախորդ տարվա սկզբի համեմատ, անցած տարվա օգոստոսից մինչև դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում աճել են 36 տոկոսով:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ալիևը կրկին խոսում է Հայաստան «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» վերադարձի մասինՀաշվի առնելով այս հանգամանքը՝ Արտաքին հետախուզության ծառայությունը նշում է՝ իր առաջնահերթ խնդիրներից է լինելու շարունակաբար գնահատելը, թե որն է Ադրբեջանի կողմից «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի» առաջ մղման պետական քաղաքականության իրական նպատակը։
«Գնահատման է ենթակա մասնավորապես այն, թե արդյո՞ք Ադրբեջանը այդ թեմաները, նոր ազգային գաղափարախոսություն դարձնելով, մտադիր է որևէ նոր ձևաչափով հակամարտությունը տեղափոխել Հայաստանի տարածք, թե՞ այսպես կոչված «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի» այս խոսույթն Ադրբեջանի արտաքին քաղաքական սակարկման և մասնավորապես՝ Ղարաբաղի հայերի վերադարձի թեմային հակազդելու գործիքակազմի մաս է»։
Արտաքին հետախուզության ծառայությունը 2026 -ի տարեկան զեկույցում նաև անդրադառնում է հայ-ադրբեջանական սահմանազատմանը՝ կանխատեսելով նոր առաջընթաց այս գործընթացում, ինչպես նաև երկկողմ առևտրատնտեսական նախաձեռնությունների, հասարակությունների երկխոսության, հումանիտար և այլ հարցերում։
Մանրամասները այստեղ