Չարենցավանցում տղամարդիկ բերման են ենթարկվել վարչապետի այցի օրը՝ բողոքի ակցիան չմեկնարկած

Լուսանկարը՝ Ազգային-ժողովրդավարական բևեռի ֆեյսբուքյան էջից

Չարենցավանցի Գևորգ Հակոբյանն ու նրա 3 ընկերները երեկ Սուրբ Փրկիչ եկեղեցի վարչապետի այցին զուգահեռ բողոքի ակցիա էին պատրաստվում իրականացնել ու «ոչ Նիկոլ, մի քանդիր եկեղեցին, վերադարձնել անձնագրայինը և Արցախը Հայաստան է» գրությամբ թռուցիկներ բաժանել հավաքվածներին:

Նրանք, սակայն, ոչ Փաշինյանին տեսան, ոչ էլ մյուս բարձրաստիճան պաշտոնյաներին, ցույցը չմեկնարկած տղամարդկանց բերման ենթարկեցին, Գևորգին՝ հենց իրենց բակից. «Բոլորս տնից դուրս գալուց, 9-ից մինչև 10-ը մեզ տանում են ձերբակալում, հայտարարում են՝ դուք արդեն ձերբակալված եք»:

Բերման ենթարկելու պահին, ըստ Հակոբյանի, պատճառաբանել են, թե կասկածում են, որ իրենց մոտ զենք կա, անազատության մեջ պահել են մի քանի ժամ և միայն վարչապետի այցի ավարտից հետո ազատ արձակել: «Նպատակը մեզ մեկուսացնելն էր», - ասում է Հակոբյանը.

«Փորձում են մինչև ընտրությունները վախի մթնոլորտ ստեղծել քաղաքում, էդ ամբողջ բանը միտված ա դրան, էլի, որպեսզի մեր նման մարդիկ կա՛մ հոգնեն, կա՛մ չուզենան, կա՛մ վախեցնեն, մինչև ընտրությունները էդ ճնշումները գնալով ավելանալու են», - նշեց նա:

Նրանք առաջին անգամը չէ, որ բողոքի ակցիաներ են կազմակերպում, դեռ 2024-ին Չարենցավանի անձնագրային բաժնի փակման դեմ ցույցեր էին անում ու երեկվա ակցիայի ընթացքում նաև դրա դեմ էին պատրաստվում դարձյալ բողոքել: Հակոբյանը պնդում է՝ իրենց ծրագրի մասին ոչ մեկին չեն հայտնել, ենթադրում է, որ իրավապահները հետևել են իրենց: Մինչ Փաշինյանի այցը նա ֆեյսբուքում գրառումներ է արել. «Չարենցավանցիները պետք է՝ «հավուր պատշաճի» դիմավորեն 40 հազար բնակչության անձնագրայինի բաժանմունքը լուծարած թիվ մեկ չինովնիկին»: Ուրբաթ էլ գրել է, թե դեմ է, որ հազարավոր քաղաքացիներին անհարմարություն պատճառող պաշտոնյան Չարենցավան գա:

Այսքանով ամեն բան չի սահմանափակվել, Գևորգ Հակոբյանի պնդմամբ, իրավապահները նաև հայտնել են, թե պաստառների համար քրեական վարույթ են նախաձեռնել, նրա հեռախոսը չեն վերադարձնում, այն մինչև հիմա իրավապահների ձեռքում է. «Երեկ էլ գնացի, որ վերցնեի հեռախոսս, բա՝ «ըտեղ մենք մի հատ քննչական գործողություն անենք նոր հետո կտանք»:

Քննչական կոմիտեի լրատվականից հայտնում են՝ Հակոբյանի նկատմամբ քրեական վարույթ են նախաձեռնել բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, այն արդարացնելու կամ քարոզելու և այդ նպատակով նյութեր ու առարկաներ տարածելու հոդվածով:

Ներքին գործերի նախարարությունից էլ պարզաբանում են՝ երկու անձի բերման են ենթարկել զենք-զինամթերք ունենալու, երկուսին ատելության խոսք տարածելու կասկածանքով:

Փաշինյանի մասնակցությամբ պատարագների ընթացքում այլակարծությունը հաճախ սվիններով է ընդունվում, հենց երեկ, երբ տղամարդկանցից մեկը հարցազրույց էր տալիս ու պարզապես պատմում, որ արդեն մի քանի ժամ է Գևորգի ու մյուսների մասին տեղեկություն չունեն, հավաքվածների շարքից բառիս բուն իմաստով լռեցրին նրան:

Նույն երիտասարդն ակտիվ էր նաև անցած շաբաթ, հենց նա Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցու բակից մի կողմ տարավ կնոջը, որն այնտեղ էր վարչապետ Փաշինյանին նամակ հանձնելու համար:

Մի մարդ նույնիսկ փորձեց հարվածել կնոջը, նրան խոսել անգամ թույլ չէին տալիս ու լռեցնում «Նիկոլ վարչապետ» արտահայտությամբ:

Ոստիկանները նաև եկեղեցիներից հեռացնում են բոլոր այն մարդկանց, ովքեր փորձում են Ամենայն հայոց կաթողիկոսի անունը վանկարկել պատարագի ժամանակ: Գարեգին Երկրորդի անվան զեղչումը պատարագին մասնակցելու Փաշինյանի պայմանն է: