Գործարար Սամվել Կարապետյանը կալնավայրից տեղափոխվել է տուն: Նախօրեին դատարանը չէր երկարաձգել Սամվել Կարապետյանի կալանքը՝ կրկին կիրառելով տնային կալանքը:
«Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանքը՝ համակցված գրավով, բացակայելու արգելքով», - ասել է փաստաբան Արամ Վարդևանյանը:
Ավելի վաղ դատարանը սկսել էր քննել Դատախազության ներկայացրած միջնորդությունը Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու վերաբերյալ: Նույն օրը Վերաքննիչ դատարանը բավարարել էր Գլխավոր դատախազության բողոքը, որով իրավապահները պահանջել էին վերացնել գործարարի տնային կալանքը: Փաստաբան Ռուբեն Հակոբյանն ուշ երեկոյան «Ազատությանը» փոխանցել էր, որ Կարապետյանն արդեն կալանավայրում է, ուր տեղափոխվել է հիվանդանոցից:
Կարապետյանը մեղադրյալի աթոռին հայտնվեց անցած տարվա հունիսին, երբ հայտարարեց իշխանության թիրախում հայտնված Հայ Առաքելական եկեղեցին «իր ձևով» պաշտպանելու մասին: Իշխանությունը զավթելու հրապարակային կոչի համար մեղադրվող ռուսաստանահայ գործարարի կալանքը նոյեմբերին երկարաձգվել էր ևս երկու ամսով:
Ամիսներ առաջ Կարապետյանը բանտից քաղաքական հայտ էր ներկայացրել և հայտարարել, որ պայքարելու է Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու համար: Նա առաջնորդում է «Մեր ձևով» շարժումը, որն առաջիկայում կուսակցություն է դառնալու: Մեծահարուստ գործարարը, սակայն, վարչապետի թեկնածու չի կարող լինել, քանի որ երկքաղաքացիություն ունի: