Ուկրաինան անցած գիշեր ենթարկվել է ավելի քան 200 ռուսական ԱԹՍ-երի հարձակման․ կան զոհեր և վիրավորներ

Ուկրաինան անցած գիշեր ենթարկվել է ավելի քան 200 ռուսական հարվածային անօդաչու թռչող սարքերի հարձակման։ Այդ մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Նրա խոսքով՝ հարձակումների հետևանքով տուժել են տասնյակ մարդիկ, այդ թվում՝ մեկ երեխա։ Այս պահի դրությամբ հայտնի է երկու զոհի մասին։

«Ընդհանուր առմամբ, այս շաբաթ արձակվել է ավելի քան 1300 հարձակողական անօդաչու թռչող սարք, մոտավորապես 1050 ուղղորդվող ավիառումբ և տարբեր տեսակի 29 հրթիռ», - նշել է Զելենսկին։

Ռուսական գիշերային հարձակման հետևանքով Խարկովում զոհվել է մի մարդ, ևս երեքը վիրավորվել։ Այդ մասին տեղեկացնում է Խարկովի մարզային դատախազությունը։

Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզում ռուսական ԱԹՍ-երը հարձակվել են Սինելնիկի շրջանի համայնքի վրա։ Վեց մարդ վիրավորվել է, հայտնել են տեղական իշխանությունները:

Մեկ մարդ վիրավորվել է Զապորոժիեի շրջանում: Ռուսաստանը կրկին հարձակվել է Օդեսայի մարզի էներգետիկ օբյեկտների վրա: