«Իրանի Իսլամական Հանրապետությունից հնչող հայտարարությունների նկատմամբ մենք շատ ուշադիր ենք և ամեն ինչ արել ենք ու կշարունակենք անել ԻԻՀ, մեզ համար բարեկամական և եղբայրական երկրի բոլոր մտահոգությունները փարատելու ուղղությամբ», - լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նախօրեին Հայաստանում Իրանի դեսպանը հայտարարել էր, որ Թեհրանում ձևավորվում է մի պատկերացում, թե Հայաստանը դառնում է Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի համար կենտրոն: Դեսպան Խալիլ Շիրղոլամին, մասնավորապես, դժգոհել է իր երկրում հակակառավարական ցույցերի օրերին Երևանում Իրանի դեսպանատան դեմ մի խումբ իրանցիների բողոքի ակցիաներից:
«Դուք տեղյակ եք, որ ընդհանրապես 2018-ից հետո Հայաստանում ոչ մի տեղ հանրահավաք չի արգելվել, և մենք չենք կարող առանձին վերցրած մի դեպքում այլ կերպ վարվել: Այլ բան, որ մենք կիսում ենք, որ արտահայտման ձևերը չպետք է խաթարեն Իրանի Իսլամական Հանրապետության, որևէ այլ դեսպանատան աշխատանք: Մենք ուշադիր կհետևենք, այդ թվում՝ մտահոգություններին՝ կապված իրավիճակի հետ, և մեր ժողովրդավարության սկզբունքի շրջանակներում բոլոր միջոցները կձեռնարկենք, որպեսզի բարեկամական ԻԻՀ-ի դեսպանատան գործունեության հետ կապված որևէ խնդիր չառաջանա, և ընդհակառակը, այն մարդիկ, ովքեր օրենքի գիծը կանցնեն, նրանց նկատմամբ կիրականացվեն համապատասխան վարույթներ: Ես գիտեմ, որ վարչական վարույթներ են նախաձեռնված մի քանի դեպքերով», - հայտարարեց Փաշինյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երրորդ օրն է՝ ՀՀ-ն տեղեկություն չունի Իրանի հայերից. իրանցիներն էլ Երևանում բողոքի ակցիա են արել