Համաձայնեցված շրջանակում պատրաստ ենք անխոչընդոտ հաղորդակցություն ապահովել Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև. Փաշինյան

Համաձայնեցված շրջանակում պատրաստ ենք անխոչընդոտ հաղորդակցություն ապահովել Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով TRIPP-ի վերաբերյալ Հայաստանի և ԱՄՆ-ի համատեղ հայտարարությանը` վարչապետը նշեց. «Սա հաջորդ անկյունաքարային հայտարարությունն է, որով խաղաղության գործընթացի կարևորագույն և սկբունքային հարցերից մեկը՝ տարածաշրջանային հաղորդակցության ապաշրջափակումը շրջանակային մակարդակում լուծվում է»։

ՀՀ-ԱՄՆ համատեղ հայտարարությունը «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի վերաբերյալ հրապարակվեց նախօրեին՝ Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի ու ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի բանակցություններից հետո:

«Հայտարարության իմաստն ու գործնական նշանակությունն այն է, որ խաղաղությունը շատ կոնկրետ ու գործնական քայլերով հաստատվում է մեր հանրապետությունում ու տարածաշրջանում», - ընդգծեց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ Հայաստանում պետք է ստեղծվի TRIPP անունով ընկերություն:

«Պետք է հնարավորինս արագ երեկվա հայտարարությունից բխող գործողություններ անենք: Դրանք պետք է դե յուրե համաձայնագրերի տեսքով ընդունվեն, համաձայնագրերի նախագծերի շուրջ, նաև իրավական որոշումների վրա մենք կսկսենք աշխատել, մասնավորապես, TRIPP անունով ընկերությունը պետք է ստեղծվի Հայաստանում, նաև պետք է երթուղիները որոշենք, կառուցապատման իրավունքների, հողի օգտագործման, շինարարությունների թույլտվությունների», - ասաց Նիկոլ Փաշինյանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Շահեկան փաստաթուղթ». Հայաստանն ու ԱՄՆ-ը հրապարակել են TRIPP-ի վերաբերյալ համատեղ հայտարարությունը