ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքի իր ռազմաբազաներից անձնակազմի մի մասին դուրս է բերում, «Ռոյթերզ»-ին ասել է ամերիկացի պաշտոնյաներից մեկը։
Մինչ այդ Իրանից զգուշացրել էին հարևան երկրներին, որ իսլամական հանրապետությունը պատրաստ է հարվածել ամերիկյան ռազմաբազաներին, եթե Վաշինգտոնը հարված հասցնի Իրանի ուղղությամբ։
Ամերիկացի պաշտոնյան, անանուն մնալու պայմանով, ասել է, որ Միացյալ Նահանգները տարածաշրջանի հիմնական ռազմաբազաներից որոշ անձնակազմ է դուրս բերում որպես նախազգուշական միջոց՝ հաշվի առնելով տարածաշրջանային լարվածության աճը։
Մեծ Բրիտանիան ևս որոշ անձնակազմ է դուրս բերում Կատարի ավիաբազայից՝ ԱՄՆ-ի հնարավոր հարվածներից առաջ, հաղորդում է «Ռոյթերզ»-ը՝ հղում անելով լրատվամիջոցներին։ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը առայժմ պաշտոնապես որևէ մեկնաբանություն չի արել։