«Շահեկան փաստաթուղթ». Հայաստանն ու ԱՄՆ-ը հրապարակել են TRIPP-ի վերաբերյալ համատեղ հայտարարությունը

Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, արխիվ

Շահեկան փաստաթուղթ, TRIPP նախագծի հայ-ամերիկյան իրականացման շրջանակը սահմանող փաստաթղթի հրապարակումից հետո կարծիք հայտնեց Հայաստանի արտգործնախարարը: Իսկ նրա ենթակաները, չնայած Ադրբեջանի կողմից «Զանգեզուրի միջանցքի» բացման մասին պնդումներին, սոցցանցային գրառումով միջանցքի թեման փակված համարեցին:

Ավելի վաղ Արարատ Միրզոյանին հանդիպած ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հստակ ընդգծել էր տարածաշրջանային ապաշրջափակմանն ուղղված այս նախագծում Հայաստանի ինքնիշխանության պահպանումը. «TRIPP նախագիծը կարող է աշխարհի համար մոդել լինել, թե ինչպես կարող է երկիրը բացվել տնտեսական հնարավորությունների առջև՝ որևէ կերպ կասկածի տակ չդնելով իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ-ը ու Հայաստանը հրապարակել են TRIPP-ի վերաբերյալ համատեղ հայտարարությունը

Միացյալ Նահանգներն ու Հայաստանը TRIPP-ում իրենց իրավունքների ու պարտավորությունների շրջանակը սահմանեցին Հայաստանի, Ադրբեջանի, ԱՄՆ-ի ղեկավարների օգոստոսյան համատեղ հռչակագրից 5 ամիս անց:

Հայտարարության մեջ 13 անգամ ընդգծված է ճանապարհին Հայաստանի ինքնիշխանության պահպանումը, այդ թվում՝ սահմանային և մաքսային գործողությունների նկատմամբ Հայաստանի իրավազորությունը բացարձակ և անքննարկելի է որակվել: Անցումը երկու բաղադրիչ կունենա՝ պատվիրակված ընկերության միջոցով փաստաթղթերի ստուգում, վճարների գանձում և այլն, և Հայաստանի պետական մարմինների ներգրավում: «Ֆրոնտ օֆիս - բեք օֆիս» (ընդունարան - գրասենյակ) միջազգային տերմինով են նկարագրել գործընթացը:

«Ֆրոնտ օֆիսի օպերատորները աջակցում են, նրանք չեն որոշում, Հայաստանի պաշտոնյաները ֆիզիկապես ներկա են Հայաստանի սահմանային մաքսային բոլոր հաստատություններում, ինքնիշխան գործառույթների որևէ արտապատվիրակում չի իրականացվում», - հայտարարեց Միրզոյանը:

Հայաստանն, ըստ փաստաթղթի, կիրականացնի անվտանգության ապահովումը: Մաքսավորն ու սահմանապահը զննում ու ստուգում կիրականացնեն, Հայաստանին կվերապահվի ենթակառուցվածքից եկամուտների գանձումը, հայաստանյան իրավական ու դատական ընթացակարգերը կտարածվեն ողջ ենթակառուցվածքի վրա: Բայց հայկական կողմը նաև ստուգումը դյուրացնելու քայլեր կձեռնարկի՝ օրինակ, բեռները կստուգվեն ընտրողաբար, եթե ռիսկային լինեն, տարանցիկ ռեժիմ կլինի, որը կապահովի կնքված ու հետագիծ ունեցող բեռի անցումը, փաստաթղթերը էլեկտրոնային կներկայացվեն ու կմշակվեն:

Երեկ ստորագրված փաստաթղթում մի կողմից նշվում է ինքնիշխանության հարգման, մյուս կողմից՝ նաև Ադրբեջանի անխոչընդոտ կապը թվային գործիքներով դյուրացնելու մասին: Արդյոք հայկական կողմն արդեն պատկերացում ունի՞ ադրբեջանցիների անցման պայմանների մասին, նրանք հայ սահմանապահների հետ առնչվելո՞ւ են: Ադրբեջանի նախագահն ավելի վաղ ասել էր, թե իրենք չպետք է «հայ սահմանապահների երեսը տեսնեն»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանով անցնող հայերը կհանդիպե՞ն այդ երկրի սահմանապահներին. ԱԺ նախագահի արձագանքը

«Ազատության» այս հարցն էր ուղղել Վաշինգտոնում գտնվող արտգործնախարար Արարատ Միրզոյանին:

«Որևէ սահմանային, մաքսային, որևէ այլ ինքնիշխան գործառույթ չի արտապատվիրակվելու, սահմանային ու մասքային մարմինների ներկայացուցիչները համապատասխան տեղերում մշտապես ներկայություն են ապահովելու, բոլոր տեղերը հասանելիություն են ունենալու», - արձագանքեց արտգործնախարարը:

Իսկ ահա Ադրբեջանով հայաստանցիների անցման պայմանները հայտնի չեն. ինչպես օգոստոսի 8-ի եռակողմ հռչակագրում, հայ-ամերիկյան այս հայտարարության մեջ էլ խոսվում է Հայաստանի տարածքով անխոչընդոտ տարանցման, իսկ Հայաստանի համար միջազգային և ներպետական փոխադարձ առավելությունների մասին:

Հիմա հարցն այն է, թե ի՞նչ ռեժիմ կընտրվի Ադրբեջանով հայաստանցիների անցման համար. հայտարարվել է, որ Ադրբեջանի հետ ևս բանակցություններ են լինելու:

«Հայաստանն իր կողմից հիմնական բանը, որ ներդնելու է մեծ հաշվով կառուցապատման իրավունքն է»

TRIPP-ի կոնկրետ տեղը պետք է դեռ հստակեցվի, TRIPP զարգացման ընկերություն կհիմնադրվի: Առաջին փուլում 49 տարով կառուցապատման իրավունք ստացող ընկերության վերահսկիչ բաժնեմասը՝ 74 տոկոսը Ամերիկայինն է լինելու, 26-ը՝ Հայաստանինը: Կողմերն ակնկալում են, որ համագործակցությունը կերկարաձգվի ևս 50 տարով, այդ ժամանակ Հայաստանի կառավարության մասնաբաժինը կդառնա 49 տոկոս:

Ինչո՞վ է պայմանավորված այս համամասնությունը, նախկինում ակնարկներ կային հավասար տնօրինման մասին:

«Մեծ հաշվով բանակցությունների արդյունք է ու արտացոլում է երկրների ներդրումները, գաղտնիք չէ, որ Միացյալ Նահանգները մեծ ծավալի ներդրումներ է անելու: Ես չեմ խոսում միայն քաղաքական կապիտալի, քաղաքական աջակցություն, քաղաքական ներդրումների մասին, այլ հենց ֆինանսական ներդրումների: Հայաստանի Հանրապետությունն իր կողմից հիմնական բանը, որ ներդնելու է մեծ հաշվով կառուցապատման իրավունքն է: Կարծում եմ՝ բավականին արդար բաշխում է», - ընդգծեց Միրզոյանը:

Հայաստանը հողօգտագործման (կառուցապատման) իրավունքով կտա իր տարածքը. «Կլինեն հարցեր, որտեղ անկախ բաժնեմասերի չափից՝ մեծ, փոքր, շատ, քիչ լինելուց, առանց Հայաստանի Հանրապետության համաձայնության ոչինչ տեղի ունենալ չի կարող»:

Ակնկալվում է, որ TRIPP զարգացման ընկերության բաժնետերերի փոփոխությունը տեղի կունենա միայն երկու երկրների՝ Հայաստանի և ԱՄՆ կառավարությունների համաձայնությամբ:

Միրզոյանը վստահեցնում է՝ TRIPP-ին Թուրքիայի ներգրավման հարց չեն քննարկել

Հայտարարության մեջ այսպիսի ձևակերպում կա, թե Երևանն ու Վաշինգտոնն ընդունում են, որ TRIPP-ի հաջողությունը կախված է նրանից, թե ինչքանով իրականություն կդառնա Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը, ու ինչ առաջընթաց կլինի հայ - թուրքական կարգավորման ուղղությամբ:

Միրզոյանը վստահեցնում էր, թե TRIPP-ին Թուրքիայի ներգրավման հարց ամերիկացի գործընկերոջ հետ երեկ չեն քննարկել. «TRIPP-ն ինչպես կար, այնպես էլ այս պահին կա որպես Հայաստան-Միացյալ Նահանգներ համատեղ բիզնես գործունեություն: Եթե Գյումրի-Կարսը չվերագործարկվի, հաստատ բեռները չեն կարող այդ ճանապարհով գնալ Թուրքիայի տարածքով Եվրոպա և հակառակ ուղղությամբ, հետևաբար տրամաբանական է, որ Թուրքիան այս ապաշրջափակման և տարածաշրջանի զարգացման մաս լինի, բայց ոչ կոնկրետ TRIPP-ի մասով: Ամերիկյան կողմի հետ դա չենք քննարկել»:

TRIPP-ին Ռուսաստանի մասնակցության հնարավորություն ևս նախարարը չէր տեսնում. «Մենք նպատակ չունենք որևէ կերպ դուրս թողնել Ռուսաստանին: Ակնհայտորեն Հայաստանում Ռուսաստանը տարբեր ենթակառուցվածքներում ներկայություն ունի, և սա Ռուսաստանի համար, կրկին TRIPP-ում՝ ոչ, բայց TRIPP-ի շարունակություն, TRIPP-ին առնչվող այլ գործունեություն, կապ, համագործակցություն կարող է նաև ստեղծվել Ռուսաստանի Դաշնության համար»:

Սյունիքում կառուցվելիք ենթակառուցվածքների ընդհանուր շրջանակը նկարագրված է՝ երկաթուղիներ, մայրուղիներ, ճանապարհներ, կամուրջներ, թունելներ, էլեկտրահաղորդման համակարգեր, նավթատարներ, գազատարներ, իսկ ահա ժամկետների մասով կոնկրետություն չկար:

«Հուսով եմ, որ աշնան սկիզբ, չգիտեմ, ամառվա վերջ կկարողանանք գետնի վրա ենթակառուցվածքների շինարարություն էլ ունենալ», - ասաց Միրզոյանը:

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանի հեղինակային սրտիկը կարծես պետական արարողակարգի մաս է դառնում, արտգործնախարարն էլ որոշեց Վաշինգտոնում իր առցանց ասուլիսը եզրափակել այդպես: