Իշխանական պատգամավորներն առաջարկում են՝ պաշտամունքային որոշ կառույցների օտարումը վերահսկողության տակ լինի

Իշխանական պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանն ու Թագուհի Ղազարյանն առաջարկում են օրենսդրական փոփոխություններ, որպեսզի պատմական և մշակութային արժեք ունեցող պաշտամունքային կառույցների օտարումը վերահսկողության տակ լինի։

90-ականներին կառավարության որոշմամբ՝ օտարման ոչ ենթակա հուշարձանների ցանկից շուրջ 200 հնագույն եկեղեցիներ Մայր Աթոռի սեփականությունն են դարձել։ Դրանք հիմնականում գործող եկեղեցիներն են։ Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի հարցերի մշտական հանձնաժողովում այսօր մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը քննարկելիս ՔՊ-ական պատգամավորները մտահոգություն էին հայտնում, որ հասարակության համար շատ կարևոր որևէ հուշարձան կարող է վաճառվել կամ փոխանցվել ցանկացած անձի, օգտագործվել ոչ իր նշանակությամբ։ Առաջարկվող փոփոխությունն էլ այն մասին է, որ կառավարությունը իրավունք ունենա համաձայնություն տալու կամ մերժելու այդ գործարքը։

«Հատկապես կրոնական հուշարձանների մասին է խոսքը լինելու, այսինքն, նրանց նշանակությունը փոխելու համար, ոչ միայն արտաքին տեսքը, այլ ըստ տրամաբանության, նշանակություն փոխելու համար ևս պետք է լինելու հանրային համաձայնություն՝ դիմելով լիազոր մարմնին և ստանալով կառավարության դիրքորոշումը դրա վերաբերյալ», - ասաց Թագուհի Ղազարյանը:

«Դուք ունե՞ք վիճակագրությունը, պատկերը, թե ինչ հուշարձաններ ունենք կրոնական նշանակության ըստ սեփականության, և մինչ օրս նրանց հետ ինչ վարք է դրսևորվել, որը ձեզ դրդել է այս փոփոխությունն իրականացնելու», - ընդդիմադիր Լիլիթ Գալստյանն էր փորձում հասկանալ՝ հուշարձանների աղավաղման կամ դրանց նշանակությունը փոխելու նախադեպեր երբևէ եղե՞լ են։

Բացատրությունն այն էր, որ օրենքները միայն նախադեպերով չեն փոփոխվում, եկեղեցիների նշանակության կամ աղավաղման աղմկահարույց պատմությունների մասին վկայություններ չմտաբերեցին, բայց նիստը նախագահող Գաբրիելյանն ավելի ուշ հիշեց. «Պետությունը նվեր է տվել եկեղեցուն սրանից մի 10-15 տարի առաջ 10 հատ դպրոց, այդ դպրոցները հիմա քանդած, չգործող վիճակում են: Եթե դուք կողմ եք՝ առաջինից երկրորդ ընթերցում եկեք գնանք դրան, այսինքն, պետության և համայնքի կողմից նվիրաբերված գույքերը չպետք է իրավունք ունենան օտարելու կամ վաճառելու»:

Իշխանություն-եկեղեցի սրված հարաբերության ֆոնին այս քննարկման ժամանակ էլ քաղաքական կսմիթներ հնչեցին:

«Ես չեմ համարում, որ հիմա եկեղեցական խորհուրդը կվաճառի Մայր Աթոռը ասենք «Տաշիր Գռուպ»-ին, ես կարծում եմ, որ այն քաղաքական հորդորների ֆոնին, որ պետք է ստեղծել մեկ այլ կազմակերպություն, պետք է տեղափոխել աթոռանիստը, կարող է մեկ այլ հենց նույն կրոնական կազմակերպություն մեկ այլ իրավաբանական անձ ձևակերպվի ու վերագրանցի, ես, օրինակ, այդպիսի կանխավարկած ունեմ ու կարծում եմ դա անտեղի չէ այս պահին», - ասաց Թագուհի Ղազարյանը:

Ընդդիմադիր Լիլիթ Գալստյանն էլ արձագանքեց. «Կանխակալ տրամադրություններ փոխացեցիք, որոնք որևէ առնչություն չունեն, գաղափարական, մտացածին մտքեր.... Ձեզ լսելով՝ մարդը կարող է տպավորություն ունենալ, որ հաղարծինը կարելի է վերցնել ու տանել տեղադրել Կրասնոդարի երկրամասում, անտրամաբանական պատասխաններ եք տալիս»:

Վերջերս ՔՊ-ականներ Գաբրիելյանի ու Ղազարյանի հեղինակած նախագծով մեկ այլ նախագծով Մայր Աթոռի հիմնադրած «Շողակաթ» հեռուստաընկերությունն էր զրկվել հանրային մուլտիպլեքսում եթերից: Այս նոր նախագիծն այսօր դրական եզրակացություն ստացավ, դրա քննարկումն արդեն կշարունակվի լիագումար նիստում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կառավարությունը լուծարում է «Շողակաթ»-ը հեռարձակող հանրային ալիքը