Թեհրանում ձևավորվում է պատկերացում, որ Հայաստանը դառնում է Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի համար կենտրոն. Իրանի դեսպան

Թեհրանում ձևավորվում է մի պատկերացում, որ Հայաստանը դառնում է Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի համար կենտրոն, այսօր տեղական մի քանի լրատվամիջոցների հետ ասուլիսում հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպանը:

Դեսպան Խալիլ Շիրղոլամին, մասնավորապես, դժգոհել է իր երկրում հակակառավարական ցույցերի օրերին Երևանում Իրանի դեսպանատան դեմ մի խումբ իրանցիների բողոքի ակցիաներից:

Այդ ակցիաների մասնակիցները բողոքում էին Իրանում ցուցարարների սպանություններից, կրոնական իշխանության փոխարեն աշխարհիկ իշխանություն պահանջում:

Ըստ դեսպանի՝ եթե «թշնամական ուժերին հաջողվի մասնատել Իրանը, Հայաստանը ևս պարտվողների թվում է լինելու»:

«Մի խումբ մարդկանց կանաչ լույս է տրվում գալ Իրանի դեսպանատան դիմաց, նրանք շատ անհարգալից ու վիրավորական արտահայտություններով են հանդես գալիս: Եվ ի հեճուկս մեր բողոքի՝ այդ գործընթացը շարունակվում է», - ասել է դեսպանը՝ նշելով, որ իրենք բողոքել են Հայաստանի պատկան մարմիններին, սակայն դա արդյունք չի տվել, ցույցերը շարունակվել են:

Դիվանագետի խոսքով՝ Իրանի դեսպանատան առջև տեղի ունեցածը կմնա Իրանի ժողովրդի պատմական հիշողության մեջ, քանի որ «ամենադժվար ժամանակներում Իրանը կանգնել է Հայաստանի պետության և ժողովրդի կողքին»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երրորդ օրն է՝ ՀՀ-ն տեղեկություն չունի Իրանի հայերից. իրանցիներն էլ Երևանում բողոքի ակցիա են արել