Հայաստանը ներկայացնող գեղասահորդները չեն մասնակցի Եվրոպայի առաջնությանը՝ մուտքի վիզա չստանալու պատճառով

Հայաստանի Գեղասահքի ֆեդերացիան «խորին ափսոսանքով» տեղեկացնում է, որ Հայաստանի ազգային հավաքականի գեղասահորդներ Սիմոն Դանիլյանցը և սպորտային զույգ Կարինա Ակոպովա / Նիկիտա Ռախմանին զույգը չեն մասնակցի Գեղասահքի Եվրոպայի Առաջնությանը՝ 2025-2026 մրցաշրջանի ամենակարևոր մրցաշարերից մեկին։

«Չնայած բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի ժամանակին ներկայացմանը, Մեծ Բրիտանիայի դեսպանատունը մեր մարզիկներին չի տրամադրել մուտքի վիզաները սահմանված ժամկետներում, ինչի արդյունքում մեր հավաքական թիմը զրկվեց Եվրոպայի առաջնությանը մասնակցելու հնարավորությունից»,-հայտնում է ֆեդերացիան, ընդգծելով՝ «սա լուրջ հարված է մեր մարզիկների ամբողջ սեզոնային պատրաստությանը, մրցակցային զարգացմանը և միջազգային վարկանիշային դիրքերին։ Տարիների քրտնաջան աշխատանքը, պատրաստվածությունն ու նվիրումը չպետք է կախված լինեն վարչական ձգձգումներից»։

Մեծ Բրիտանիայի դեսպանատունը, ըստ ֆեդերացիայի, ձգձգել է գործընթացը և հավաքական թիմը փաստացի զրկվել է այսօր մեկնարկող առաջնությանը մասնակցելուց։