ԱՄՆ վերահսկողությունը Վենեսուելայում կլինի «շատ ավելի երկար». Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը The New York Times-ին ասել է՝ «միայն ժամանակը ցույց կտա», թե որքան կպահպանի Միացյալ Նահանգները վերահսկողությունը Վենեսուելայում։

Times-ի հարցին՝ խոսքը երեք ամսվա՞, վեց ամսվա՞, մեկ տարվա՞, թե՞ ավելի երկար ժամանակահատվածի մասին է, Թրամփը պատասխանել է․ «Ես կասեի՝ շատ ավելի երկար»։

«Մենք այն կվերականգնենք շատ շահավետ ձևով», - ասել է Թրամփը՝ հավելելով. - «Մենք օգտագործելու ենք նավթ և վերցնելու ենք նավթ։ Մենք իջեցնում ենք նավթի գները և գումար ենք տալու Վենեսուելային, որի կարիքը նրանք ունեն»։

Թրամփը հավելել է, որ ԱՄՆ-ն այժմ «շատ լավ է համագործակցում» Վենեսուելայի ժամանակավոր ղեկավար Դելսի Ռոդրիգեսի կառավարության հետ։

Վաղը ԱՄՆ նախագահը Սպիտակ տանը կհանդիպի ամերիկյան խոշոր նավթային ընկերությունների՝ Exxon Mobil-ի, ConocoPhillips-ի և Chevron-ի ղեկավարների հետ՝ Վենեսուելայի նավթի արդյունահանման ավելացման ուղիները քննարկելու համար։