ԱՄՆ բանակը Ռուսաստանի դրոշի ներքո նավարկող լցանավ է առգրավել

Ամերիկացի ծովային հետևակայինները այսօր Ատլանտյան օվկիանոսի հյուսիսում՝ Իսլանդիայի և Միացյալ Թագավորության միջև, ռուսական ստվերային նավատորմի լցանավ են առգրավել։

Միացյալ Նահանգների Զինված ուժերի եվրոպական հրամանատարության X-ի օգտահաշվում տեղադրված տեղեկության համաձայն՝ ամերիկյան Munro ռազմանավը հետապնդել է Marinera՝ նախկինում Bella 1 կոչվող նավթային լցանավը «ԱՄՆ Արդարադատության և Ներքին անվտանգության նախարարությունների հետ համատեղ իրականացվող գործողության շրջանակներում»։

Ռուսական ստվերային տանկերային նավատորմի մաս կազմող Bella 1-ը, ըստ ամերիկյան կողմի, օգտագործվում էր Վենեսուելայում արդյունահանված նավթի տեղափոխման համար, ինչը ԱՄՆ կողմից սահմանված պատժամիջոցների խախտում էր։

Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունն ապօրինի է որակել նավի առգրավումը, քանի որ դա տեղի է ունեցել միջազգային ջրերում:

«Ծովային իրավունքի մասին ՄԱԿ-ի 1982 թվականի կոնվենցիայի համաձայն՝ բաց ծովում գործում է նավարկության ազատությունը, և ոչ մի պետություն իրավունք չունի ուժ կիրառել այլ պետությունների իրավասության ներքո պատշաճ կերպով գրանցված նավերի նկատմամբ», - հայտարարել է գերատեսչությունը։

Ռուս օրենսդիր Անդրեյ Կլիշասը «բացահայտ ծովահենություն» է որակել տեղի ունեցածը:

Սպիտակ տան խոսնակ Քերոլայն Լևիթը, մինչդեռ, հայտարարել է, որ Վաշինգտոնը տանկերը համարել է որևէ պետության չպատկանող այն բանից հետո, երբ դրա վրա ծովում Ռուսաստանի դրոշն է բարձրացվել։

«Այն Վենեսուելայի ստվերային նավատորմի նավ էր, որը տեղափոխել է պատժամիջոցների տակ գտնվող նավթ։ Նավը համարվել է որևէ պետության չպատկանող կեղծ դրոշ բարձրացնելուց հետո, և այն առգրավելու դատական որոշում է եղել, այդ իսկ պատճառով անձնակազմը կենթարկվի քրեական հետապնդման», - ասել է Լևիթը Սպիտակ տանը ճեպազրույցի ժամանակ՝ հավելելով, որ «անհրաժեշտության դեպքում նրանք կբերվեն Միացյալ Նահանգներ նման քրեական հետապնդման համար»։