Հայաստանը մերը չէր, հիմա այլևս մերն է, ամանորյա ուղերձում այսպես է վարչապետը պատասխանել Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու համար իրեն քննադատողներին, պնդել, թե ինքը որևէ զիջում չի արել, պարզապես հետապնդել է պետության շահն ու հարատևության օրակարգը:
«Ղարաբաղը մերն էր, հիմա այլևս մերը չի» խոսույթն աշխարհաքաղաքական թակարդում գտնվողի գիտակցության արտահայտություն է, մինչդեռ պետության եւ քաղաքացու գիտակցությունն ասում է՝ «Հայաստանի Հանրապետությո՛ւնը մերը չէր, հիմա այլևս մերն է»։ Այո՛, մեր նահատակների կյանքի գնով, այո՛, մեր տառապանքների ու զրկանքների գնով»:
2018-ից հետո Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում մի քանի անգամ դիրքորոշումը փոխած Նիկոլ Փաշինյանը համարում է՝ ճիշտ որոշում կայացրել է նախ Պարահայում 2022-ի հոկտեմբերին, երբ Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս, հետո անցած տարվա մարտին՝ հայտարարելով, որ Ղարաբաղյան շարժումը չի շարունակվելու:
«Այստեղ առանցքայինը այն է, որ թե՛ այս, թե՛ 2022 թվականի հոկտեմբերի 6–ի Պրահայի հայտարարությունը չեմ արել որպես զիջում, ինչպես փորձում են ներկայացնել ոմանք, այլ այդ հայտարարություններին գնացել եմ որպես Հայաստանի Հանրապետության գիտակցված և իրական շահերից բխող կենսական անհրաժեշտություն»։
Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու Պրահայի քառակողմ հայտարարությունից մոտ երկու ամիս անց Բաքուն բնապահպանական խնդիրները պատրվակ դարձնելով փակեց Արցախն Հայաստանին կապող ճանապարհը, մոտ ինը ամսվա շրջափակմանը հետևեց ադրբեջանական ռազմական լայնածավալ ագրեսիան և Ղարաբաղի հայաթափումը: Հետագայում արդեն Հայաստանի իշխանությունը հրաժարվեց արցախցիների վերադարձի իրավունքի հարցով բանակցելուց: Իսկ անցած տարի Վաշինգտոնում Նիկոլ Փաշինյանն արդեն ուղիղ հայտարարեց՝ հայերի վերադարձի օրակարգը վտանգավոր է:
«Ու ընդհանրապես, Հայաստանում և Ադրբեջանում հակամարտության մեկնարկից ի վեր փախստական դարձած անձանց վերադարձի թեմայի երկկողմ արծարծումը համարում եմ վտանգավոր, Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանը վնասող գործոն», - նշել է նա։
Ադրբեջանը լուծեց իր տարածքային ամբողջականության վերականգնման հարցը. Ալիև
Ադրբեջանի նախագահի համար հաղթանակ է, որ ղարաբաղյան հակամարտությունն ամբողջությամբ դուրս է եկել միջազգային օրակարգից, երեկ Իլհամ Ալիևն իր ուղերձում շեշտել է՝ դրանով Ադրբեջանը վերականգնել է ոչ միայն իր ինքնիշխանությունը, այլև «ազգային արժանապատվությունը»։
«Ադրբեջանը լուծեց իր տարածքային ամբողջականության վերականգնման և ամբողջ աշխարհի կողմից դրա ճանաչման հարցը, որը մեր գլխավոր նպատակն էր 30 տարի շարունակ», - ընդգծել է Ալիևը:
Եվ եթե վարչապետ Փաշինյանի կարծիքով՝ միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումն է իրական խաղաղության միակ բանաձևը, Իլհամ Ալիևը իր ուղերձում նախ պնդել, թե չեն պատրաստվում պատերազմի՝ միաժամանակ ընդգծելով, որ ժամանակակից աշխարհում միջազգային իրավունքի նորմերը չեն աշխատում, շատ երկրներ առաջնորդվում են «ուժն է ծնում իրավունք» կարգախոսով։
«Ամբողջ աշխարհում ընթանում է լայնածավալ զինման գործընթաց: Այս իրավիճակում մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած պահի պաշտպանել մեր տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և մեր ընտրությունը», - ասել է նա:
Նիկոլ Փաշինյանը ամանորյա 18 րոպեանոց ուղերձի հիմնական մասը երեկ նվիրեց խաղաղության օրակարգին: Պատմեց անցած տարվա իր պաշտոնական հանդիպումներից, դարակազմից որակեց Ադրբեջանի տարածքով բեռների մուտքը Հայաստան, այդ երկրի հետ առևտուրը: Ոչ մի խոսք Բաքվի բանտերում պահվող հայ գերիների, իր կառավարման տարիներին Հայաստանի խախտված տարածքային ամբողջականությունը վերականգնելու հեռանկարի մասին:
«Սա գրվող պատմություն է մի նոր և սա խաղաղության պատմություն է»։
Ընդդեմ Եկեղեցու կատարվող պառակտիչ գործողությունները չեն ունենա շահեկան արդյունք. Գարեգին Բ
Եվ մինչ վարչապետը հպարտանում էր հաստատած խաղաղությամբ, 2025-ին Նիկոլ Փաշինյանի գլխավոր թիրախը դարձած Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր ուղերձը սկսեց Բարձրյալից խաղաղություն հայցելով:
«Խաղաղություն մեր հայրենիքին, խաղաղություն խռովահույզ մեր ողջ ժողովրդին: Անցնող տարին ազգիս համար լի էր տագնապալի իրադարձություններով՝ հասարակության մեջ տեղ գտած պառակտումներով, ատելության ու անհանդուրժողության դրսևորումներով։ Ցավոք, Նոր տարի մուտք ենք գործում նաև Հայոց Եկեղեցու և հոգևոր դասի թիրախավորման մտահոգիչ պայմաններում։ Շարունակում են բանտերում ապօրինաբար արգելափակված մնալ եկեղեցականները, ազգային բարերարը և նվիրյալ հայորդիներ։
2025-ի հունիսից Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցներով լծվել է Վեհափառին գահից հեռացնելու գործին: Տարբեր մեղադրանքներով ճաղերի հետևում հայտնվեցին կաթողիկոսին հավատարիմ չորս հոգևորականներ: Իսկ Ամենայն Հայոց Հայրապետին հեռացնելու հարցով Փաշինյանին միացած բարձրաստիճան մի շարք հոգևորականներ, նրանց թվում՝ օֆշորային սկանդալի կենտրոնում հայտնված Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, ինչպես ՔՊ-ականներն են բացատրում՝ զղջացել են և ներում ստացել:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՔՊ-ական պաշտոնյաները աշխատանքային ժամերին մասնակցում էին ակցիաներին Մայր ԱթոռումԳարեգին երկրորդը երեկ ուղերձում շեշտում էր՝ տարեմուտը հրավեր է նորոգվելու, վանելու մեր կյանքից մերժելի իրողությունները, սրբագրելու մեղսալի ու կործանարար ընթացքները, դադարեցնելու եղբայրադավության քայլերը: Հասկացրեց՝ չի ընկրկելու Նիկոլ Փաշինյանի արշավից:
«Ընդդեմ Եկեղեցու կատարվող պառակտիչ գործողությունները, որ արդարորեն առաջ են բերում մեր հավատավոր զավակների ընդվզումը հայրենիքում և սփյուռքում, չունեն որևէ արդարացում և չեն ունենա շահեկան արդյունք։ Եկեղեցին չի պատկանում որևէ դարաշրջանի, որում ապրում է, այլ՝ միայն Քրիստոսին։
Կաթողիկոսը երեկ դարձյալ բացեց Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի փակած թեման, հայտարարեց՝ աննվազ նախանձախնդրությամբ գործելու են հանուն արցախահայության իրավունքների պաշտպանության: Չշրջանցեց նաև Նիկոլ Փաշինյանի ուղերձում տեղ չգտած գերիների հարցը՝ կարևորելով նրանց ազատ արձակումը:
Կաթողիկոսի ուղերձն այս տարի ևս Հանրայինը չհեռարձակեց, ավելին՝ այն տեղ չգտավ նաև հանրային կայքում և սոցցանցերի էջերում, նույնն արեցին պետբյուջեից սնվող Հանրային ռադինոն, «Արմենպրես» լրատվական գործակալությունը: