Որպես հաղթանակած երկիր՝ մենք խաղաղության ձեռք մեկնեցինք պարտված Հայաստանին. Ալիև

«Ադրբեջանը լուծեց իր տարածքային ամբողջականության վերականգնման և ամբողջ աշխարհի կողմից դրա ճանաչման հարցը, որը մեր գլխավոր նպատակն էր 30 տարի շարունակ», - Ամանորյա ուղերձում հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը՝ հիշեցնելով, որ անցնող տարում ղարաբաղյան խնդրի կարգավորմամբ զբաղվող Մինսկի խումբը «մտավ պատմության դասագրքեր»։

«Ամբողջ աշխարհը ճանաչում է մեր հաղթանակը, ղարաբաղյան հակամարտությունն ամբողջությամբ հանվել է միջազգային օրակարգից», - հայտարարել է Ալիևը, ընդգծելով, որ դրանով Ադրբեջանը վերականգնել է ոչ միայն իր ինքնիշխանությունը, այլև «ազգային արժանապատվությունը»։ «Հայրենական պատերազմում մեր հաղթանակից հետո մենք անխոնջ աշխատեցինք այն միջազգային և քաղաքական մակարդակով ամրապնդելու և վերահաստատելու համար: Եվ հասանք դրան», - ասել է նա։

Պնդելով, թե Ադրբեջանը չի պատրաստվում նոր պատերազմի, Ալիևը միաժամանակ ընդգծել է՝ ժամանակակից աշխարհում միջազգային իրավունքի նորմերը չեն աշխատում, շատ երկրներ առաջնորդվում են «ուժն է ծնում իրավունք» կարգախոսով։

«Ամբողջ աշխարհում ընթանում է լայնածավալ զինման գործընթաց: Այս իրավիճակում մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած պահի պաշտպանել մեր տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և մեր ընտրությունը»,- ասել է Ալիևը, տեղեկացնելով`44-օրյա պատերազմից հետո Բաքուն շարունակել է բանակի արդիականացումը՝ համալրելով այն տեղական արտադրության ու դրսից ներկրված զենքերով ու սարքավորումներով։

«Մեր զինված ուժերի մարտունակությունը զգալիորեն աճել է, հատուկ նշանակության ուժերի թիվը՝ մի քանի անգամ բազմապատկվել», - ասել է նա:

«Հայրենական մեծ պատերազմից ընդամենը հինգ տարի անց Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի նախաստորագրումը կրկին ցույց է տալիս մեր ժողովրդի մեծությունը և մեր քաղաքականության իմաստնությունը», - ասել է Ալիևը, հավելելով՝ «մենք հասանք փառահեղ հաղթանակի և ամրապնդեցինք այն աշխարհի ամենահեղինակավոր վայրում՝ Ամերիկայի Սպիտակ տանը՝ ԱՄՆ նախագահի մասնակցությամբ»։

Անցած տարի ռուս-ադրբեջանական հարաբերություններում ի հայտ եկած խորը ճգնաժամի ֆոնին Ալիևը հայտարարել է՝ «մենք երբեք որևէ մեկին թույլ չենք տվել միջամտել մեր գործերին, մեզ թելադրել կամ մեզ արհամարհել»։