Որ 2025-ի գլխավոր իրադարձություններից մեկը լինելու է Դոնալդ Թրամփի վերադարձը Սպիտակ տուն, տարեսկզբին գրեթե որևէ մեկը չէր կասկածում, բայց որ 4 տարվա ընդմիջումից հետո նա այդքան արագ ու ու հախուռն է խառնելու խաղաքարտերը՝ քչերն էին կանխատեսում։
Երդմնակալությունից անմիջապես հետո Դոնալդ Թրամփը չեղարկեց իր նախորդի՝ Ջո Բայդենի օրոք ընդունված տասնյակ հրամանագրեր, խստացրեց պայքարը ապօրինի միգրացիայի դեմ, Մեքսիկական ծոցն անվանեց Ամերիկայի ծոց ու նոր մաքսատուրքեր սահմանեց անխտիր բոլորի հանդեպ՝ մրցակից Չինաստանից մինչև հարևան Կանադա։ Հիմնավորումը նույնն էր բոլոր դեպքերում՝ Ամերիկայի շահն՝ ամենից առաջ և ամենից առավել։
Տարեվերջին արդեն Սպիտակ տունը հրապարակեց Ազգային անվտանգության իր նոր հայեցակարգը, որի համաձայն, Միացյալ Նահանգների ուշադրությունը սևեռվելու է Արևմտյան կիսագնդի ու Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի վրա։ Բնորոշելով այս քաղաքականությունը որպես ճկուն ռեալիզմ՝ Թրամփի վարչակազմը հայտարարեց, թե վերականգնում է 19-րդ դարի Մոնրոյի դոկտրինը, որով ամրագրվել էր Վաշինգտոնի գերիշխանությունը Լատինական Ամերիկայում։ Այդ մտադրությունն առավել շոշափելի դարձավ, երբ Միացյալ Նահանգները Կարիբյան ավազանում տեղակայեց ավելի քան 10,000 զինվոր, ինչպես նաև ավիակիր, ռազմանավեր և կործանիչներ՝ թմրանյութեր տեղափոխող նավերի, ահաբեկչության դեմ պայքարի ու Վենեսուելայի նախագահ Մադուրոյի վարչակազմի դեմ ճնշումը սաստկացնելու նպատակով։ Խաղադրույքներն այստեղ շատ բարձր են, ասում է Վաշինգտոնի Արտաքին հարաբերությունների խորհրդի ավագ գիտաշխատող Ռեբեկա Լիսները։
«2026-ին հնարավոր զարգացումներից մեկն այստեղ է՝ ի՞նչ է լինելու Կարիբյան ավազանում կուտակված ԱՄՆ ուժերի հետ, արդյո՞ք նրանք, ի վերջո, որևէ ռազմական գործողություն կձեռնարկեն Վենեսուելայում։ Ի՞նչ արդյունք դա կունենա, ի՞նչ ապագա կունենա Մադուրոյի ռեժիմը, և ինչպե՞ս է նախագահ Թրամփը առաջ տանելու այս քաղաքականությունը»։
Սպիտակ տան 29 էջանոց հայեցակարգը, միաժամանակ, սառը ցնցուղ դարձավ եվրոպացի դաշնակիցների համար․ «հին աշխարհամասը կանգնած է «քաղաքակրթական ոչնչացման» առջև՝ անվերահսկելի միգրացիայի պատճառով, և պետք է փոխի իր ուղղությունը», հայտարարեց Վաշինգտոնը՝ դաշնակիցներին ոչ բնորոշ բառապաշարով։ Եվրոպայից շտապեցին արձագանքել՝ ժողովրդավարության ու ներքին քաղաքականության հարցերում Ամերիկայի միջամտության կարիքը բնավ չունեն։
«Այդ փաստաթուղթը մասամբ հասկանալի է, մասամբ՝ անընդունելի մեզ համար՝ եվրոպական տեսանկյունից։ Ես ամերիկացիների կողմից մեր ժողովրդավարությունը փրկելու անհրաժեշտություն չեմ տեսնում, եթե նման կարիք լիներ, մենք Եվրոպայում դա ինքներս կանեինք»,-հայտարարեց Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը:
Տարեվերջին արդեն Վաշինգտոնն արգելեց Եվրամիության հինգ քաղաքացիների, այդ թվում՝ նախկին հանձնակատարի մուտքը Նահանգներ՝ վերստին ակնհայտ դարձնելով, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ձևավորված տրանսատլանտյան դաշինքը այլևս նախկին միասնությունը չունի, առնվազն՝ ամերիկյան այս վարչակազմի օրոք։
Ռուս-ուկրաինական պատերազմը
2025-ին նաև պարզ դարձավ՝ ուկրաինական պատերազմը անհնար է կանգնեցնել 24 ժամում։ Ողջ տարվա ընթացքում ռուսական բանակը շարունակեց առաջ գնալ ՝ օկուպացնելով նոր տարածքներ, խաղաղություն հաստատելու՝ ամերիկյան առաջարկներն այդպես էլ լիակատար հավանություն չստացան, Կիևում էլ պատերազմական իրավիճակին ավելացավ ներքաղաքական ճգնաժամը։ Իրավապահները կոռուպցիոն աղմկահարույց չարաշահումներ բացահայտեցին էներգետիկ ոլորտում, որի թելերը հասան մինչև նախագահական՝ է՛լ ավելի սասանելով Վլադիմիր Զելենսկու դիրքերը։
«Դու կրակի հետ ես խաղում՝ երրորդ համաշխարհային պատերազմի, և այն, ինչ անում ես, շատ անհարգալից է Ամերիկայի հանդեպ, մի երկրի, որը քեզ օգնելու համար արել է ավելին, քան շատերի համոզմամբ պետք է աներ»,-փետրվարին, տեսախցիկների առջև դիմելով Զելենսկուն հայտարարեց Սպիտակ տան ղեկավարը։
Պատմական վիճաբանությունից ամիսներ անց Դոնալդ Թրամփը նաև Ռուսաստանի նախագահի հետ հանդիպեց։ Միջազգային մեկուսացումից դուրս եկած Պուտինին Թրամփը ողջունեց նույնքան սառնաշունչ Ալյասկայում․ երեք ժամ շարունակված բանակցություններից հետո փաստեց՝ սառույցը հնարավոր չի եղել շարժել։
Ամիսներ անց Թրամփը կոշտ պատժամիջոցներ սահմանեց Ռուսաստանի նկատմամբ՝ թիրախավորելով պատերազմող տնտեսության համար առանցքային նշանակություն ունեցող նավթային ոլորտը։ Միաժամանակ, Սպիտակ տունը բանակցային սեղանին դրեց խաղաղություն հաստատելու մի ծրագիր, ըստ որի Կիևը պետք է հրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու ծրագրերից՝ ստանալով անվտանգության երաշխիքներ՝ Հյուսիսատլանտյան դաշինքի 5-րդ հոդվածի նմանությամբ։ Կարգավորման ծրագիրը նաև նախատեսում է ուկրաինական որոշ տարածքների զիջում, ինչին Զելենսկին մինչև տարեվերջ այդպես էլ չհամաձայնեց: Եվրոպայում սկսեցին ավելի ու ավելի հաճախ խոսել Ռուսաստանի հետ հնարավոր պատերազմի մասին՝ ամենաբարձր մակարդակով:
«Մենք Ռուսաստանի հաջորդ թիրախն ենք, և պետք է անցնենք պատերազմական մտածելակերպի։ Շատերն են հիմա ինքնագոհ հանգստության մեջ, չափազանց շատերը չեն զգում հրատապությունը, շատերն էլ կարծում են, որ ժամանակը մեր կողմն է։ Այդպես չէ։ Գործելու ժամանակը հիմա՛ է», հայտարարեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։
Պատերազմ, զինադադար․ աշխարհը՝ 2025-ին
2025-ը նաև ցույց տվեց՝ ինչ տեսք կարող են ունենալ պատերազմները 21-րդ դարում. Իրանի դեմ Իսրայելի ու Միացյալ Նահանգների՝ 12 օր շարունակված պատերազմը դրա մունետիկը դարձավ։ Մի քանի ժամում իսրայելական կործանիչները ավելի քան 200 թռիչք իրականացրին՝ հարվածելով իրանական ավելի քան 100 թիրախների, այդ թվում՝ Նաթանզի, Սպահանի և Ֆորդոյի միջուկային օբյեկտներին: Իրանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետն ու Հեղափոխության պահապանների կորպուսի մի քանի առաջնորդներ և միջուկային գիտնականներ սպանվեցին թիրախային ու դիպուկ հարվածներից՝ սեփական բնակարաններում։
Մինչ այդ իսրայեական «Մոսադը»՝ արտաքին հետախուզական գործակալությունը, հատուկ ստորաբաժանումների հետ հատուկ օպերացիա էր իրականացրել, տվյալներ հավաքագրել և կիբերհարձակումներով շարքից հանել Իրանի ռադարային համակարգերն ու կապի միջոցները: Իրանցի հաքերներն, իրենց հերթին, թիրախավորեցին Իսրայելի էլեկտրական ու երկաթուղային ցանցերը՝ ակնհայտ դարձնելով, որ անգամ Իսրայելի նման կիբեր զարգացած պետությունը կարող է լինել խոցելի։ Կարճատև պատերազմն ավարտվեց Միացյալ Նահանգների միջամտությամբ։
Հունիսի 24-ին հաստատված հրադադարը, սակայն, ոխերիմ հակառակորդների տարաձայնությունները չհարթեց։ Չդադարեց նաև բանավեճը գլխավոր հարցի շուրջ՝ Իսրայելը հասա՞վ իր նպատակին, թե՞ սա առավել մեծ պատերազմի նախերգանքն էր միայն։
Նույն կերպ՝ Միացյալ Նահանգների միջնորդությամբ, հոկտեմբերին կանգ առավ Իսրայելի և «Համաս»-ի միջև արդեն երկու տարի շարունակվող պատերազմը, որ տասնյակ հազարավոր պաղեստինցիների կյանք խլեց՝ հարյուր հազարավորներին դարձնելով փախստական։
Նախագահ Թրամփի միջնորդությամբ հաստատված հրադադարն ու խաղաղության ծրագիրը, սակայն, դեռ անպատասխան են թողել բազմաթիվ հարցեր, այդ թվում՝ երբ է իսրայելական բանակը Գազայից դուրս բերվելու, ինչպես է վերակառուցվելու գրեթե հողին հավասարեցված անկլավը, և որ ամենակարևորն է՝ ո՞վ և ինչպե՞ս է այն կառավարելու։ Հատկապես, որ առաջիկայում ռազմական էսկալացիայի գնալու խաղադրույքներն ավելանալու են, առնվազն Իսրայելի գործող վարչապետի համար, ասում է «Չաթըմ հաուզի» Մերձավոր Արևելքի գծով ավագ գիտաշխատող Յոսի Մեքելբերգը։
«2026-ին Իսրայելում ընտրություններ են լինելու, սպասվում է շատ կատաղի, թունավոր մրցապայքար, որտեղ զիջման ցանկացած ակնարկ կամ առաջարկ շահարկվելու է մրցակիցների կողմից, հատկապես, որ ունենք վերընտրության ձգտող վարչապետ, ով դատվում է կոռուպցիայի գործով, և կուսակցություններ ու հասարակություն, որ թեքվում են պահպանողականների կողմը ավելի, քան ես տեսել եմ երբևէ կյանքիս ընթացքում»։
Ի տարբերություն Գազայում հաստատված, թեկուզ փխրուն, բայց՝ զինադադարի, Սուդանում երկու տարի առաջ սկսված արյունալի քաղաքացիական պատերազմը շարունակեց մնալ միջազգային ուշադրության ստվերում։ Մադագասկարում և Գվինեա-Բիսաուում հեղաշրջմամբ իշխանություն փոխեցին, ասիական մի շարք երկրներում փողոց դուրս եկան այսպես կոչված զումերները՝ 2000 ականների սկզբին ծնված երիտասարդները, որոնց կյանքն առաջին օրից անցել է նորագույն տեխնոլոգիաների ու սոցիալական ցանցերի հետ։
Հակակառավարական ցույցեր Մադագասկարում
Արհեստական բանականության արագ առաջընթաց
Ամենաարագ ու մասշտաբային հեղափոխության հեղինակը, սակայն, շարունակեց մնալ արհեստական բանականությունը։ Տարեվերջին Microsoft-ը փաստեց՝ AI-ը տարածվում է էլեկտրականությունից ու ինտերնետից ավելի արագ: Ալբանիայում արհեստական բանականությամբ ռոբոտին աշխարհում առաջին անգամ արդեն նաև պետական պաշտոն վստահեցին՝ կոռուպցիայի դեմ պայքարելու համար։
Տարեվերջին, սակայն, երկրի խորհրդարանում ու դրանից դուրս սկսված բախումները փաստեցին՝ կոռուպցիայի հարցում արհեստական բանականությունը մարդկությունից սովորելու դեռ շատ բան ունի։
Ասվածի մեկ այլ ապացույց դարձավ Փարիզի կողոպուտը. աշխարհի ամենահայտնի թանգարաններից մեկում՝ Լուվրում, Նապոլեոնի թվից պահվող զարդերը անհետացան ընդամենը յոթ րոպեում, ու առնվազն մինչև տարեվերջ գողոնը չգտնվեց, հանցագործությունը մնաց չբացահայտված։
Նոր դարաշրջան սկսվեց Վատիկանում՝ ամերիկյան գահակալությամբ։ Կաթոլիկ եկեղեցու պատմության մեջ առաջին անգամ Հռոմի պապ ընտրվեց Նահանգներում՝ Չիկագոյում ծնված Ռոբերտ Պրևոստը։ Մինչ կոնկլավի ծխնելույզից սպիտակ ծուխ դուրս կգար, սակայն, Սպիտակ տան ղեկավարն արդեն հասցրել էր յուրօրինակ կերպով մարգարեանալ. 79-ամյա Թրամփը հրապարակել էր արհեստական բանականությամբ ստեղծված սեփական լուսանկարը՝ Հռոմի պապի նմանությամբ, առանց որևէ մեկնաբանության։
2026. նոր քայլեր դեպի Լուսին և Մարս
2026-ին երկրագնդի առաջնորդները կրկին կփորձեն տիեզերքը գրավել. ՆԱՍԱ-ն սեփական անձնակազմը կուղարկի՝ Լուսնի շուրջը պտտվելու համար։ Մի քանի անգամ հետաձգված Artemis II-ի թռիչքը տեղի կունենա ամենայն հավանականությամբ փետրվարին։ Տասնօրյա առաքելության ընթացքում 4 տիեզերագնացներ կպտտվեն երկրի արբանյակի շուրջը՝ ճանապարհ հարթելու Artemis III-ի համար։ Եթե այդ մեկը հաջողվի, ամերիկացի տիեզերագնացները ավելի քան հիսուն տարվա ընդմիջումից՝ 1972-ի Apollo ծրագրից հետո առաջին անգամ, կրկին ոտք կդնեն Լուսնի վրա։
Իլոն Մասկի SpaceX-ն էլ 2026-ին հավակնում է Մարսը նվաճել։ Եթե աստղերը ճիշտ դասավորվեն, հսկայական, գերժամանակակից Starship-ը հաջորդ տարի առաջին անգամ պիտի որ հասնի Կարմիր մոլորակ, բայց՝ առանց անձնակազմի։
Տարվա վերջին արդեն Չինաստանը տիեզերք կուղարկի իր «Չանյե 7» առաքելությունը, որը զինված կլինի տեխնոլոգիական վերջին սերնդի սենսորներով ու ռադարներով՝ պարզելու՝ կա՞ արդյոք ջուր Լուսնի վրա, և որն է ապագա հնարավոր կայանը հիմնելու ամենահարմար կետը։
2026-ի Հունիսին կմեկնարկի ֆուտբոլի աշխարհի ամենամեծ առաջնությունը
Մինչ այդ՝ հունիսին, ուշադրությունը բևեռված կլինի գետնին՝ երկու դարպասների միջև ընկած մոտ հարյուր մետր տարածության վրա։
Հունիսին կմեկնարկի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, որն այս անգամ հյուրընկալել են միանգամից երեք երկիր՝ Մեքսիկան, Կանադան ու Միացյալ Նահանգները։ Սա ամենամեծ առաջնությունն է չեմպիոնատի մոտ 100 տարվա պատմության մեջ. եզրափակչին մասնակցում է ոչ թե 32, այլ՝ 48 հավաքական։ Առաջին անգամ այստեղ պայքարի դուրս կգան Կաբո Վերդեի, Ուզբեկստանի և անգամ Կյուրասաո փոքրիկ կղզի-պետության ֆուտբոլիստները։
Խաղերի մեկնարկը կտրվի Մեխիկոյի լեգենդար Ացտեկա մարզադաշտում՝ այն միակն է աշխարհում, որ ՖԻՖԱ-ի արդեն երրորդ առաջնությունն է հյուրընկալում։ 1970-ին այստեղ հաղթել էր Պելեն, 1986-ին՝ Մարադոնան։
2026-ի աստղը հայտնի կդառնա հուլիսի 19-ին, հաղթող երկիրը կստանա 50 միլիոն դոլար։