Ադրբեջանի գլխավոր դատախազությունը երկրի քաղաքացիներին զգուշացրել է, որ օտարերկրյա զինված հակամարտություններին մասնակցությունը, ըստ իրավական գնահատման, համարվում է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն և կարող է պատժվել 8-ից 20 տարվա ազատազրկմամբ կամ ցմահ բանտարկությամբ։
Դեկտեմբերի 29-ին տարածված հայտարարության համաձայն՝ իրավապահ մարմինների վարած քննություններով և լրատվամիջոցների հրապարակումներով հաստատվել է Ադրբեջանի քաղաքացիների մասնակցությունը «Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմական գործողություններին», ինչպես նաև այլ զինված հակամարտություններին։ Նշվում է, որ ադրբեջանցի քաղաքացիներ կան զոհվածների, ծանր վիրավորվածների և գերի ընկածների շրջանում։
Դատախազության տվյալներով՝ մի շարք գործերով զինված խմբավորումներին անդամակցելու մեղադրանքով քննությունն արդեն ավարտվել է, և դատարանները կայացրել են դատավճիռներ, որոշ գործերով նախաքննությունը շարունակվում է։ Մեղադրյալների ընդհանուր թիվը չի հրապարակվել։
Տարբեր աղբյուրների համաձայն՝ Ադրբեջանի քաղաքացիները Ուկրաինայում կռվում են թե՛ Ուկրաինայի, թե՛ Ռուսաստանի կողմում, սակայն նրանց վերաբերյալ հստակ վիճակագրություն չկա։