Շարասյան վարորդից բացի ոչ ոք պատասխանատվության չի կանչվել. Սոնա Մնացականյանի ընտանիքի փաստաբանը դժգոհ է

Վարչապետին ուղեկցող շարասյան առաջին մեքենայի հարվածից մահացած Սոնա Մնացականյանի փաստաբանը դժգոհ է՝ դեպքից 3 տարի անց վարորդից բացի պատասխանատվության չկանչվեցին նաև շարասյան ղեկավարները: Ըստ փաստաբանի՝ պարզ չէ նաև իսկապե՞ս տեխնիկական խոտանի պատճառով չի ձայնագրվել շարասյան մեքենաների միջև ռադիոկապի խոսակցությունները հղի կնոջ կյանքը խլած պատահարի ընթացքում:

«Ձայնագրությունն, ըստ ոստիկանության, իբրև թե, չի իրականացվել տեխնիկական խոտանի պատճառով ու փորձաքննությամբ էր պետք դա պարզել, բայց մինչ օրս որևէ փորձաքննություն նշանակելու մասին որոշում տուժող կողմին, այնուամենայնիվ, չի ծանոթացվել», - ասաց փաստաբան Րաֆֆի Ասլանյանը:

Մնացականյանի ընտանիքի փաստաբան Րաֆֆի Ասլանյանը դեռ նախորդ տարի էր բողոք ներկայացրել Քննչական կոմիտե՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել նաև ավտոշարասյան ղեկավար կազմին և պարզել՝ ռադիոկապի ձայնագրությունների գտնվելու վայրը կամ չձայնագրվելու պատճառը։ Ոստիկանությունը պնդել էր, թե ձայնագրությունները չեն պահպանվել տեխնիկական խոտանի պատճառով, սակայն քրեական գործ հարուցելու փաստաբանի պահանջը կոմիտեում մերժվել էր։ Փաստաբանի պնդմամբ՝ դատախազությունը նույնպես համարել է, որ քրեական գործ հարուցելու հիմք չկա: Ասլանյանն այս որոշումները վիճարկել էր վերաքննիչ դատարանում:

«Իրենք բողոքարկել են վերաքննիչ դատարան, վերաքննիչ դատարանը մերժել է դատախազության բողոքն ու ներկայումս վճռաբեկ բողոք չի բերվել, նախաքննության ընթացքի մասին էլ որևէ տեղեկատվություն չունենք: Դատարանն արդեն 2-րդ անգամ արձանագրել է, որ քրեական հետապնդում չհարուցելու մասին որոշումն ապօրինի է, դրանով խախտվել են տուժող կողմի իրավունքները և ներկայումս նախաքննությունը դարձյալ գտնվում է ընթացքի մեջ ու որևէ տեղեկություն չունենք, թե դատարանի կողմից արձանագրված խախտումները վարույթն իրականացնող մարմինն ինչպես է վերացնում կամ ինչպես է վերացվել», - նշեց Ասլանյանը:

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանի բարձրացրած հարցերն ուղղեցինք Քննչական կոմիտե, պատասխանեցին՝ գործը դատարանում է: Ասլանյանն ասաց՝ նոր մանրամասներ իմանալու համար առաջիկայում անձամբ կդիմի վարույթն իրականացնող այս մարմնին, որովհետև ըստ նրա՝ դատարանի որոշումը նրանք պետք է կատարեն:

«Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշումով արձանագրվել է, որ քրեական հետապնդում չհարուցելու մասին որոշումը անօրինական է», - ընդգծեց նա:

Թե՛ Սոնա Մնացականյանի վրաերթի և թե՛ ղեկավար կազմին պատասխանատվության կանչելու գործով վաղեմության ժամկետը 5 տարի է, այսինքն 2027-ին այն կլրանա: Փաստաբանը պնդում է՝ շատ կարևոր է գտնել այդ ձայնագրությունները, հենց դրանք կտան այն հարցի պատասխանը, թե ով է հրահանգել շարասյան ուղեկցող մեքենայի վարորդ Արամ Նավասարդյանին մտնել խաչմերուկ, ով է ասել, որ խաչմերուկը պատշաճ փակ է: Կնոջ հարազատները 3 տարի շարունակ դա են պնդում, եթե Պարոնյան - Լեո խաչմերուկը պատշաճ փակ լիներ, իրենց դուստրը հնարավորություն անգամ չէր ունենա խաչմերուկի վտանգավոր գոտում հայտնվելու:

Հղի կնոջ ողբերգական մահից հետո, փաստաբանի խոսքով, վարչապետին ուղեկցող շարասյունը նույն արագությամբ է սլանում. «Սոնա Մնացականյանի մահից հետո մի ուղղում արեցին, երբ կառավարության որոշմամբ արագության պատասխանատվությունը դրված էր ավտոշարասյան ղեկավար կազմի վրա, այդ որոշումը փոխեցին, դրեցին վարորդների վրա, այլևս ավտոշարասյան ղեկավար կազմը, եթե հետագայում նման դեպք տեղի ունենա, անձնական պատասխանատվություն չի կրում շարասյան արագության համար»:

Սոնա Մնացականյանի վրաերթի գործի քննությունը 3 տարի ձգվեց, դատարանի որոշումը տուժող կողմը ստացել ու արդեն բողոքարկել է: Երկու կողմերն էլ դժգոհ են դատարանի վճռից:

Մեղադրյալի փաստաբանն էլ էր ասում, որ բողոքարկելու են: Նավասարդյանի փաստաբան Ռուբեն Բալոյանն ասում էր՝ իր պաշտպանյալին անհիմն են մեղադրում. «Երե փորձագետի եզրակացություն կա, որ խաչմերուկը կարգավորող տեսուչը խախտում թույլ չի տվել, եթե խախտում թույլ չի տվել, ուրեմն Արամ Նավասարդյանը կոպիտ ասած խաչմերուկ է մուտք գործել, փոխաբերական իմաստով ասեմ, կանաչ լույսի տակ, տեսուչի հրահանգով: Նավասարդյանի մեղադրանքի մեջ նշված է, որ Սոնան խաչմերուկ է մուտք գործել լուսացույցի կանաչ լույսի տակ ու ճանապարհը հատել է հետիոտնային անցումներով: Ես մեռա բացատրելով՝ եթե խաչմերուկում կարգավորող կա, չի գործում լուսացույցի լույսը»:

Տուժող կողմն այս պնդումները չի ընդունում: Դատարանն Արամ Նավասարդյանին դատապարտել է 1,5 տարվա ազատազրկման. «Ակնհայտ մեղմ պատիժ է նշանակվել, տուժողի իրավահաջորդը պահանջել էր առնվազն 4 տարի ժամկետով ազատազրկում: Խափանման միջոցը չի փոխել դատարանն ու միայն դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո պետք է Նավասարդյանը կրի այդ պատիժը, այսինքն, բողոքարկումների փուլն անցնելուց, դատական վերանայման փուլն անցնելուց հետո»

Արամ Նավասարդյանը, ի դեպ, դեռ ազատության մեջ է ու շարունակում է աշխատել:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Ընտրովի արդարադատություն». Փաշինյանի շարասյան կապիտանը դատապարտվել է, բայց ազատ է և աշխատում է